Այս էջը սրբագրված չէ

Մի քանի տողերից հետո շարունակում էր նա։

«Ոչ ոք խելացի չի կոչի այն մարդուն, որի տունը հրդեհով պաշարված է, որի զավակները կրակով պատած են, որի կայքը այրվում է, իսկ նա, այդ բոլորը թողած, շտապում է իր հարևանի տունը կրակից ազատելու համար։ Քո եռանդը, քո ջանքերը վրաց խարխուլ գահը պահպանելու մասին, հիշեցնում է ինձ այդ համեմատությունը։ Ի՞նչ կշահվի քո քաջությունից, քո պատերազմական տաղանդից հայոց թշվառ աշխարհը, երբ դու քո բոլոր ուժերը, քո մտքի և սրտի բոլոր զորությունը վատնում ես հօգուտ օտարի, մինչդեռ քո հայրենիքը քեզպեսներին ավելի կարոտություն ունի։ Դու այժմ քո հզոր ուսերի վրա տանում ես բոլոր ծանրությունը մի քայքայված տերության, որ ընկնելու վրա է։ Դու շատ անգամ պահպանեցիր նրան իր անկումից, դու շատ անգամ ազատեցիր նրան իր թշնամիներից, շատ անգամ հաղթող հանդիսացար սարսափելի կռիվների մեջ։ Բայց ո՞րքան շահվեցավ այդ բոլորից հայոց թշվառ ազգը․․․

Դավիթ, մենք դասընկերներ ենք եղել․ մենք Տաթևի վանքում, հանգուցյալ Հարություն վարդապետի մոտ միասին էինք կարդում հայոց պատմությունը։ Կարծես, այդ ազգի ճակատագրի մեջ մի անեծք կա։ Նա ստեղծում է մեծ մարդիկ, ստեղծում է հանճարներ, միայն օտարներին ծառայելու համար։ Սկսյալ ազգերի պատմության ամենախորին հնությունից, Հայաստանը միշտ տվել է թե իր դրացիներին և թե հեռավոր ժողովուրդներին իր զավակների ամենաընտիրները։ Բաբելացոց, եգիպտացոց նշանավոր պետական մարդիկների թվում առաջին տեղը բռնում են հայերը։ Հայերը տվեցին Հռոմին և Բյուզանդիային ոչ միայն քաջ զորապետներ, այլ մինչև անգամ կայսրներ։ Ահռելի Պարսկաստանը իր ամենանեղ ճգնաժամի միջոցին փրկություն էր գտնում հայ զորապետների ձեռքով։ Վայրենի մոնղոլներ, Միջին Ասիայի խորքերից դուրս գալով, հայ զորապետների առաջնորդությամբ, ոտնակոխ արեցին ամբողջ պետություններ։ Բաղդատի և Դամասկոսի արաբական խալիֆաները հայ զորապետների ձեռքով տիրեցին անսահման երկրներ։ Խաչակիրները իրանց ամենահաջող պատերազմներով պարտական են հայոց քաջերին։ Մինչև անգամ ամենահեռավոր Հնդկաստանի թագավորությունները երկար ժամանակ օգուտ էին քաղում հայ զորապետների խելքից և քաջությունից։ Ինչո՞ւ եմ խոսքս երկարացնում։ Ո՞ր երկիրը, ո՞ր ազգը, ո՞ր թագավորությունը չէ շահվել հայոց ուժերից։ Նույնիսկ քո