Այս էջը սրբագրված չէ

մեզ ազատեց, այնուհետև ես չբաժանվեցա Ստեփաննոսից։ Որպես իմ հայրը ծառայել էր նրա հորը, ես էլ սկսեցի ծառայել որդուն։

— Այդ բոլորը լավ, — նրա խոսքը ընդհատեց Բեկը․ — դու այն ասա՜, հիմա ի՞նչ է շինում քո տերը։

— Ի՞նչ կարող է շինել թևքերը կարված արծիվը․ նրա հոր երկրներին այժմ տիրում է ուրացող մելիք Ֆրանգյուլը․ ինքը իշխանը գլուխ դնելու տեղ չունի․ մնում է նրան Քորօղլուի նման թափառել մի տեղից մյուս տեղ, պատժել, վրեժխնդիր լինել ուր որ անիրավություն, անարդարություն կտեսնվի։

— Մարդիկ ունի՞ իր ձեռքի տակ։

— Մի փոքրիկ խումբ միայն, բայց այդ խումբը արժե հազար մարդու․ բոլորը մեր երկրի քաջերից ընտրյալներն են, բոլորը մի հոգու պես կապված են իրանց սիրելի պետի հետ։

— Դո՞ւ էլ իշխանի խմբից ես։

— Այո՜։

Դավիթ բեկին մեծ բավականություն էր պատճառում խոսակցությունը իր հայրենակցի հետ․ այդ մասամբ լցուցանում էր տարիներով տարագիր երիտասարդի սրտի կարոտությունը։ Նա հրամայեց Աղասուն նստել իր մոտ։ Աղասին տեղավորվեցավ խարույկի մոտ, օթոցի վրա։ Նրան շատ զարմացնում էր Բեկի անշուք կացությունը։ Նա սպասում էր գտնել վրաց թագավորի հռչակավոր զորապետին փառավոր պալատի մեջ, շրջապատված աշխարհի բոլոր շքեղություններով։ Իսկ այժմ ի՞նչ էր տեսնում, — մի գետնափոր խրճիթ, որի նմանը Սյունյաց երկրի ամեն մի գյուղացին ուներ։ Որքաա՞ն աղքատություն է տիրում այդ երկրում, մտածում էր Աղասին․ երբ երկրի նշանավոր պետական մարդը այդպես է ապրում, ապա ի՞նչ կլինի խեղճ ժողովրդի դրությունը։

Աղասու մտածությունները ընդհատեց Բեկը, հարցնելով, թե մելիք Ֆրանգյուլը և Դավիթ ուրացողը ի՞նչ տեսակ հարաբերությունների մեջ են։

— Որպես երկու շներ, — պատասխանեց Աղասին, — միմյանց խեղդում են, և ամեն մեկը աշխատում է մյուսի ձեռքից ոսկորը խլել։

— Խանը որի՞ն ավելի է համակրում։

— Խանը իր օգտին է նայում, որը ավելի շատ կաշառք է տալիս, նրա խոսքն է լսում։

Դավիթ բեկի տան մեջ բնակվում էր մի վրացի ընտանիք