Թե պարոնն էլ ինձ չլսե,
Խոր գերեզման ինձ կծածկե,
Այն ժամանակ ես աստուծոն,
Կբողոքեմ մյուս կյանքում։
Դա ստրուկի երգ էր, որ իր հոգեկան, սիրո զգացմունքների մեջ ևս դատավոր է ընտրում պարոնին, որ նրանից է սպասում բոլորը, ինչ որ քաղցր, ինչ որ բարի է իր համար։
Ժողովրդական բանաստեղծի երգը դուրս կոչեց մանկահասակ աղջիկներին ու հարսներին, որոնք ուրախ խումբով վազեցին հյուրերի առաջ։ Պառավ Քեթևանի որդիները նույնպես դուրս եկան շներին զսպելու համար։ Բեկի տան ընդարձակ բակը լցվեցավ խուռն ամբոխով։ Հյուրերի հետ եկած սպասավորները, երկայն, ձողաձև կերոնները բռնած ձեռներին, լուսավորում էին այդ աղմկալի բազմությունը, որ իր խառնաձայն բացականություններով թնդեցնում էր գիշերային լռությունը։ Հյուրերից մեկը, գինու ահագին լիտրան ձեռքին բռնած, անդադար ածում էր և մատուցանում էր իր ընկերներին։ Ոմանք պարում էին, ոմանք թռչկոտում էին, իսկ ոմանք իրանց աններդաշնակ երգերով խլացնում էին աշուղի նվագածությունը, առանց ուշադրություն դարձնելու նրա պարկապզուկի երաժշտական եղանակին։
Նրանք խմբով մոտեցան Բեկի սենյակի դռանը, այնտեղ կանգնեցին, գոռում, գոչում էին, որ նա դուրս գա և իրանց ընդունե։ Բայց Բեկը չշարժվեցավ իր տեղից, ոչ թե նրանց չպատվելու համար, այլ այսպիսի այցելությունները այնքան հաճախ էին կրկնվում, որ տանուտերը ավելորդ համարեց մի առանձին նշանակություն տալ նրանց քմահաճությանը։
— Կկոտրենք դուռը, եթե դուրս չգաս, կկոտրենք, — գոչում էին ամեն կողմից։
Այդ միջոցին Բայինդուր իշխանը ներս մտավ, և բռնելով Բեկի ձեռքից, համարյա զոռով քաշեց նրան, ասելով․
— Լսի՜ր, ինչ որ ասում է քեզ պարսից շահնշահի բաթման-ղլիճը, քեֆի ժամանակ մեծն ու պստիկը մեկ գին ունեն․ — գնա՜նք։
Երբ Բեկը հայտնվեցավ, եկվորները ընդունեցին նրան ուրախության աղաղակներով։ Նրանցից մեկը գինով լիքը բաժակը դեմ արեց։ Բեկը ընդունեց, և բոլորի կենացը խմելուց հետո, հրավիրեց նրանց իր մոտ։ Բոլորը խմբով ներս մտան։ Սենյակը լցվեցավ խառն բազմությունով։ Բաց տեղ մնացել էր միայն խարույկը, որ