վրա, իրանց երաժշտական գործիքները հանձնեցին Սոփիոյին և Փեփելոյին, իրանք էլ միացան պարողների հետ։ Զուռնայի ձայնը, դայիրայի ու թմբուկների տըկտըկոցը, ծափահարության որոտը, արբած բազմության խառնաձայն աղաղակը, բազմաթիվ ոտների տրոփյունը, — բոլորը միախառնվելով, ներկայացնում էին մի վայրենի, խառնաշփոթ քաոս։ Վրաց թագավորի ավագանին զվարճանում էր․․․
Այդ խառնակության ժամանակ ոչ ոք չէր կարողացել նկատել, որ մի գնդաձև մարդ ներս էր մտել, և միանալով ծառաների հետ, եռանդով ծափ էր տալիս և բոլոր ուժով աղաղակում էր։ Բայց նա չկարողացավ երկար անհայտ մնալ Բայինդուր իշխանի արծվի տեսությունից, որը մոտենալով նրան, մի սաստիկ բամբաչա[1] խփեց գլխին, ասելով․
— Բարո՜վ, Սաքուլ, բարով։ Գետի՜նը մտնես, ե՞րբ եկար։
Իշխանի ծանր բամբաչայից շշմած, շշկռած Սաքուլը չկարողացավ իսկույն պատասխանել, որովհետև նրա ահագին մորթե գտակը իշխանի ձեռքի սաստիկ զարկից, իր սովորական տեղը թողնելով, այժմ իջել, հասել էր մինչև նրա բերանը, բոլորովին ծածկելով թե աչքերը և թե շեկ մորուքը։ Նա փոքր-ինչ ուշքի գալով, շտապեց գտակը վեր քաշել, որ տեսնե, թե ո՜վ էր իր հետ այսպիսի կոպիտ հանաք անողը, որ նրա համեմատ պատասխանե, — այդ միջոցին իշխանի երկրորդ բամբաչան իջավ նրա գլխի վրա և փոքրիկ գլուխը բոլորովին թաղվեցավ ահագին գտակի մեջ, որ այժմ հասել էր մինչև Սաքուլի ուսերը։
— Չե՞ս լսում, քեզ եմ ասում, պառավ աղվես, ե՜րբ եկար, — կրկնեց իշխանը իր հարցմունքը։
— Տո՜, հեր օրհնած, մի թող տուր աչքերս բաց անեմ․ երեսիդ մտիկ տամ, բարով, հազար բարով ասեմ, քեֆդ հարցնեմ, հետո իհարկե կասեմ, թե երբ եկա։ — Ի՞նչ ես չար հրեշտակի նման հոգիս առնում, — պատասխանեց Սաքուը գտակը ուղղելով, որ այժմ այն աստիճան լայնացել էր, որ էլ իր սովորական տեղում չէր կանգնում։
— Էդ անիծված գտակը ինչո՞ւ այդպես գժվեցավ․․․ — դժգոհությամբ քրթմնջում էր նա, անդադար ուղղելով գտակը, և երբ տեսավ հնար չկա, ջիբից հանեց իր քնթի ընդարձակ աղլուխը (որը միևնույն ժամանակ երեսսրբիչ էր), դրեց գլխի վրա, որ գտակի ծավալը
- ↑ Բամբաչա ժողովրդական լեզվով նշանակում է ճանկերով զարկել։