փոքրանա։ Իսկ այդ բախտը երկար չտևեց։ Իշխանի խոսակցությունը Սաքուլի հետ նրա վրա դարձրին բոլոր հյուրերի ուշադրությունը, որոնք թողնելով իրանց երգն ու պարը, հավաքվեցան նրա շուրջը, և յուրաքանչյուրը չխնայեց հետևել Բայինդուր իշխանի բարի օրինակին, մի-մի բամբաչա նրա գլխին տալով, սիրելությամբ ողջունել նրան։ Այժմ գտակը այն աստիճան լայնացավ, որ ոչ միայն քնթի աղլուխը, այլ եթե մի փոքրիկ բարձ ևս իր գլխի վրա դնելու լիներ, գտակը դարձյալ մեծ կգար։
— Ասում են, Սաքուլ, ինչո՞ւ չես մեծանում, — խոսում էր նա ինքն իրան, ուշադրությամբ զննելով գտակը, մի գուցե պատռված լիներ․ — էլ ո՞րտեղից մեծանա Սաքուլը․ ամեն անգամ, երբ այդպիսի բամբաչաներ եմ ուտում, բոյս մի թիզ կարճանում է, կարծես գետինն է մտնում․․․
— Այնպես մտնի, որ էլ դուրս չգա, որ քո սև երեսը մարդիկ չտեսնեն, գարշելի’, — վրա բերեց Բայինդուր իշխանը և, սիրով բռնելով նրա ձեռքից, նստեցրեց թախտի վրա։
Սաքուլը այժմ իր չարագուշակ գտակը դրեց տակը և այնպես նստեց, ոչ թե փափկության համար, այլ ավելի այն նախազգուշությամբ, չիցե թե նրա հետ մի նոր վտանգ ևս պատահի։ Նա այնքան երկյուղ չուներ իր գլխի մասին, որ սովորած էր բամբաչաների, որքան իր գտակի մասին, եթե զվարճասեր հյուրերը իրանց ձեռքերի ծանրությունը մյուս անգամ կփորձեն նրա վրա։
Բայց Սաքուլի խորամանկությունը շարժեց Բայինդուր իշխանի ծիծաղը, որը դառնալով դեպի հյուրերը, ասաց․
— Այժմ ես հավատում եմ, բոլորովին հավատում եմ այն առակին, որ պատմում են այդ անպիտանի մասին։
Սաքուլի մասին առակի ձև ստացած անցքի պատմությունը բոլոր հյուրերին հայտնի լինելով, իշխանը հարկավոր չհամարեց նորից կրկնել, բայց որովհետև մեր ընթերցողին անծանոթ է այդ անցքը, մենք կպատմենք, գլխավորապես այն նպատակով, որ այդ փոքրիկ պատմության մեջ նկարվում են Սաքուլի բնավորության հատկանիշներից մի քանի խոշոր գծեր։
Մի անգամ Սաքուլը գործով պիտի գնար վրաց թագավորի տունը․ ամպամած, անձրևային օր էր․ փողոցներում թանձր ցեխ էր կանգնած, տեղ-տեղ ջուրը բոլորովին լճացել էր։ Որպեսզի իր, առանց դրան ևս մաշված, տրեխները չփչանան, Սաքուլը ավելի բարվոք համարեց տրեխները հանել, ձեռքում բռնել և այնպես մերկ ու բոբլիկ ոտներով գնալ։ Այդ ավելի հարմար է, մտածեց