Այս էջը սրբագրված չէ

Բարեսիրտ Սիկոն այնքան ներողամիտ էր դեպի իր պատանի օգնականը, որ երբեմն նրան թույլ էր տալիս հեռանալ հոտից և պարապվել որսորդությունով։ Այսպիսով նա ավելի վարժվեցավ հրացանաձգության մեջ և նրան հաջողվում էր գնդակահար առնել ոչ միայն նապաստակներ նրանց փախչելու միջոցում, այլ շատ անգամ սպանում էր արագավազ, վայրի այծեր, եղջերուներ, արջեր և այլ անասուններ։ Շուտով նա մեծ հռչակ ստացավ թե իր ընկերների և թե շրջակա լեռների հովիվների մեջ։ Նրա համբավը հասավ մինչև անգամ մեծ պարոնին, որին ծանոթ լինելու պատիվն ունեցավ, երբ իր որսերից երբեմն տանում էր տիրական սեղանի համար և փոխարենը նրան ընծայում էին վառոդ, գնդակ, և առատ գինի էին խմեցնում մեծ պարոնի մառանից։

Մեծ պարոնի այդ ողորմածությունը դեպի պատանին չափազանց ուրախացնում էր բարեսիրտ Սիկոյին, և նա մի առանձին նախազգացմունքով շատ անգամ կրկնում էր նրան․ — Ես իմանում եմ, դու վերջը թավադ (ազնվական) կդառնաս։

— Ինչո՞վ, — հարցնում էր պատանին, ինքն էլ չհավատալով իր ականջներին։

— Ինչպե՞ս թե ինչո՞վ, կդառնաս էլի, — պատասխանում էր նա հաստատ հավատով և պատմում էր պատանուն զանազան օրինակներ, որոնցից կարելի էր եզրակացնել, թե իր ենթադրությունը անտեղի չէր։

— Մի անգամ, — պատմում էր նա, — մեծ պարոնը ընթրիք պիտի տար իր դրանիկներին․ «Ո՞վ կլինի այն քաջը, որ կվորսա մի եղջերու իմ սեղանի համար», ասաց նա իր դիվանին։ Բոլոր թավադների որդիները վեր առեցին իրանց հրացանները, վազեցին դեպի լեռները, դեպի անտառները, ամբողջ օրը ման եկան և գիշերը դատարկ վերադարձան։ Այդ միջոցին մեծ պարոնի տունը ներս մտավ քեչալ Դարչոն, մի ահագին եղջյուր շալակած։ «Շատ լավ տղա ես, Դարչո», ասաց նրան մեծ պարոնը, իր ձեռքը նրա ուսին խփելով, և իսկույն հրամայեց հրովարտակ գրել, նրան թավադություն շնորհեց, և բացի դրանից, քառասուն տուն էլ ճորտեր բաշխեց։

— Ո՞վ էր այդ Դարչոն, — հարցրեց պատանին զարմանալով։

— Ո՞վ պետք է լիներ․ մի անգործ, արբեցող անպիտան, որ ամբողջ օրով կբաներ ամեն մի մարդու տանը, եթե նրան մի գավաթ գինի կտային։

Իսկ պատանին ոչ ազնվականության վրա էր մտածում, և ոչ