Այս էջը սրբագրված է

ձիավորը բաժանվելով իր խումբից, մի ակնթարթում վրա հասավ, և մտրակի հարվածներով նրան հեռացրեց, գոչելով։

— Խոզի զավակ, ինչո՞ւ ես նեղացնում շանը․․․

Թեև շան աչքերը կապած էին, բայց խելացի անասունը, կարծես զգաց, թե ով էր իրան մոտեցողը, մի անհանգիստ շարժում գործեց, գլուխը շուռ տվեց, ուզում էր վազել նրա ետևից, փաթաթվելով նրա ոտներով, հայտնել իր սերը ու կարոտը, բայց նրա շղթայից բռնող երկու ուժեղ մարդիկը թույլ չտվեցին։ Մոտեցողը` շան նախկին տերը, գյուղացի Լենտոն էր, որ սև ձիավորի մտրակներից զարհուրած, սասանված, այժմ կորել էր ամբոխի մեջ։

— Լսեցի՞ք ինչ ասեց նրան մեծ պարոնը, — լսեցի՞ք, — հարցնում էին միմյանց ռամիկները։

— Ոնց չլսեցինք, — պատասխանում էին միմյանց, — ասաց «խոզի զավակ»․․․ Հիմա ի՞նչ կփքվի Լենտոն, որ մեծ պարոնը նրան ասաց «խոզի զավակ․․․»։

Լենտոյի կերած մտրակները հաշվի չէին առնում, բայց նրան բախտավոր էին համարում, որ նա պատիվ ունեցավ լսելու մեծ պարոնից մի այսպիսի փաղաքշական խոսք․․․

Ձիավորների խումբը, նվագածուները և մրցող անասունները արդեն հասել էին գետի ափի մոտ։ Գիժ Կուրը այս տարի գարնան հորդ անձրևներից, սովորականից ավելի վարարվելով, բարձրանալով, իր պղտոր ալիքները տարածել էր ափերից շատ հեռու։ Իսկ այնտեղ, ուր պիտի կատարվեր հանդեսը, նա սեղմած էր մի նեղ ձորի մեջ։ Այս պատճառով զայրացած Կուրը, խելագարի նման փրփրելով, մռնչելով, իր կատաղի կոհակները առաջ էր մղում, սփռելով իր շուրջը մի խուլ, որոտաձայն դղրդոց։

Ինչո՞ւ էին ընտրել այդ աղմկալի ձորը։ Ուրիշ պատճառ չկար, բացի նրանից, որ այդ ձորի մեջ, մի բլուրի գագաթի վրա դեռ մնացել էին ավերակները մի հին մատուռի, ուր ամեն տարի, Կանաչ կյուրակեի օրը ժողովուրդը սովորություն ուներ ուխտով գալ և հանդես կատարել։ Ջերմեռանդ գյուղացիները, իրանց ընտանիքների հետ, մի քանի բարակ մոմեր իրենց գտակների ծայրին ցցած, դիմում էին դեպի մատուռը։ Ոմանք, որ ավելի ունևոր էին, մի-մի ոչխար էին տանում մատաղի համար։

Մատուռի ավերակները, ինչպես ասեցինք, գտնվում էին մի բլուրի գագաթի վրա։ Այդտեղից երևում էր նրա ամբողջ գեղադրական շրջակայքը։ Մեծ պարոնի գերդաստանը, մի քանի ազնվական ընտանիքների հետ, դեռ շատ վաղ առավոտյան եկել,