Այս էջը սրբագրված է

հոտ մոտ, իր հովվական հագուստով։ Երբ հայտնեցին, թե մեծ պարոնը կանչում է, պիտի վարձատրե նրան, այդ միջոցին բարեսիրտ Սիկոն, ուրախության արտասուքը աչքերում, գրկեց պատանուն, ասելով․

— Դե՜, հիմա գնա, աստված բարի ճանապարհ տա, ես քեզ միշտ ասում էի, որ վերջը թավադ կդառնաս․ տեսա՞ր, կատարվեցավ իմ խոսքը։

Այդ խոսքերը այն աստիճան անկեղծ, սրտաշարժ էին, որ պատանին նույնպես չկարողացավ զսպել իր արտասուքը, և համբուրելով իր բարեկամի ձեռքը, ասաց․

— Ես ավելի ուրախ կլինեի, սիրելի Սիկո, եթե ինձ թողնեին միշտ քեզ մոտ մնալ, միշտ քեզ հետ լինել այս լեռների մեջ։

Հովվապետը նրան ճանապարհ դրեց, բավական հեռանալով իր հոտից։ Երբ բաժանվում էին, դարձյալ գրկեց պատանուն, ասելով․

— Տե՜ս, Դավիթ, չմոռանաս Սիկոյին։

— Շուտ-շուտ քեզ մոտ կգամ, Սիկո, — պատասխանեց նրան պատանին բարեկամական մտերմությամբ, — քեզ չեմ մոռանա։

Մեծ պարոնը նստած էր իր պալատի սրահում, որի ճակատը բաց, առջևից ցած վանդակապատով կտրած, մի ծածկոց էր․ այդ կացուցանում էր նրա ամառային դիվանատունը։ Այնտեղ մերկ հատակի վրա, որ ծեփած էր հասարակ կավով, դրված էր մի մեծ թախտ, կոշտ-կոպիտ շինված անգույն փայտից, և ծածկված պարսկական գորգով ու մի քանի բարձերով։ Նրա վրա նստած էր մեծ պարոնը իր անբաժան խորհրդականների հետ։ Այնտեղ էր տիրուհին, այնտեղ էր Թամարի խորթ մայրը, որոնց մեկը նստած էր մեծ պարոնի աջ կողմում, իսկ մյուսը՝ ձախ կողմում։ Նրանցից ներքը շարված էին Արչիլը, Լևանը, Զաքարա և Ալեքսի թավադի որդիները։ Ժառանգը այդ ժամանակ, նրանց աչքի առջև, բակում խաղ էր անում մի փոքրիկ եղջերուի հետ, որ նրան ընծա էին բերել։ Բակում ման էին գալիս մի քանի հնդկահավեր և աղբերի միջից ճճիներ, պողոճներ էին որոնում։ Նրանց արուն փքված, կնճիթը երկարացրած, թևքերը գետնին քսելով, սիրային ախորժ հոգեզմայլության մեջ պտտվում էր իր նազելի էգերի շուրջը, երբեմն իր կոկորդային կռնչյունով աղմկելով բակի գերեզմանական լռությունը։

— Ձեր հնդկահավերն անցյալ տարի չավելացա՞ն, — հարցրեց Լևանը, որ վաղուց մի առարկա էր որոնում տիրուհու հետ խոսելու համար։