Այս էջը սրբագրված չէ

Իսկ Բեկը նկատելով, որ գերեվաճառը «հայոց ազգ», «հայոց երկիր» բառերը չէր որոշում եկեղեցուց ու նրա կրոնական արարողություններից, — հենց այդտեղից պինդ բռնեց նա։

— Տեսնում եմ, սիրելի Սաքուլ, որ դու շատ ես սիրում հայոց եկեղեցին, որի մեջ դու մկրտվել ես, հաղորդվել ես, պսակվել ես, որի մեջ պիտի տարվի քո մարմինը մեռնելուց հետո, որի մեջ քո մեղքերին թողություն կլինի, երբ հայոց քահանան քո հոգու համար պատարագ կմատուցանե։ Բայց դու գիտե՞ս, որքա՛ն շատ են քո մեղքերը և եկեղեցին որքա՛ն մեծ բարերարություն է անում քեզ, որ սրբում, մաքրում է նրանց։

— Գիտե՛մ․․․ գիտե՛մ․․․ — հոգվոց հանելով պատասխանեց գերեվաճառը, — գիտեմ որքան շատ են իմ մեղքերը․․․

Երևելի չարագործը գիտեր՝ որքան շատ էին իր մեղքերը, նա իր կյանքում ամեն տեսակ եղեռներ գործած էր։ Եվ որպես վաճառական, որ ամեն բանի վրա շահի կետից է նայում, նա հասկանում էր, թե որքան շատ պարտական է հայոց եկեղեցուն, որ մաքրում էր նրա հոգու ախտերը, որ ազատում էր նրան դժոխքի կրակից։ Եվ այդ բոլորը կատարում էր եկեղեցին համարյա ձրի, համարյա թե առանց վարձատրություն կամ փոխարինություն պահանջելու։ Մի քանի շահիներ տալով տերտերին, կարելի էր նրա մոտ խոստովանել, հաղորդվել, նրան պատարագ մատուցանել տալ։ Դա խիստ էժան բան էր Սաքուլի կարծիքով․ մի քանի շահիներով նա գնում էր մի քանի հազարների մեղքեր։ Կարելի էր մեկին կողոպտել, մյուսին խաբել և հազարներ վաստակել, բայց փոխարենը չոքել տերտերի առջև, «մեղա» ասել, և սրբված, մաքրված դուրս գալ եկեղեցուց։ Ինչո՞ւ չսիրել մի այսպիսի եկեղեցին։

Բեկը աշխատւմ էր իսկույն օգուտ քաղել Սաքուլի այդ ջերմեռանդությունից, որ ծնուցել էր եղեռնագործի մեջ ոչ միայն լոկ կույր հավատ դեպի եկեղեցին, այլ մի տեսակ նախանձախնդրություն ևս դեպի նրա թշնամիները, մի տեսակ սեր ևս դեպի նրա հաստատությունը։

— Ի՞նչ կանեիր, Սաքուլ, եթե մեկ մարդ հայոց եկեղեցին, որը դու այնքան սիրում ես, կպղծե, նրան անասունների ախոռատուն կշինե, նրա սրբությունները կկողոպտե և իր կնոջ համար զարդեր կշինե, նրան քարուքան կանե ու իր տան շինվածքի համար կբանեցնե, նրա միջի ժամն ու պատարագը կարգելե․ — ի՞նչ կանեիր, հարցնում եմ քեզանից, դու այդ մարդուն։

— Ես նրան կսպանեի։