Այս էջը սրբագրված չէ

ինձ 100,000 թուման և այդ երկրները։ Ախար նրանք արդեն ինձ են պատկանում, իսկ դու առաջարկում ես ինձ հենց իմ փողերն ու նահանգները։ Դու առաջարկում ես ինձ քո աղջիկը։ Ինչի՞ն է պետք ինձ քո աղջիկը։ Քո բոլոր աղջիկներին, քո բոլոր որդիներին ես կտամ իմ ծառաներին։ Խելքի մոտ բան չէ, որ դու մտածել ես։ Ես չեմ հեռանա Սպահանից»։

Սպահանի պաշարման ժամանակ ավելի սարսափելի վիճակի ենթարկվեցան Նոր Ջուղայի հայերը։ Նրանց թիվը այն ժամանակ հասնում էր 30 հազար հոգու, բնակվում էին մի առանձին արվարձանում, որ համարյա մի ջոկ քաղաք էր Սպահանի մոտ։ Երբ ավղանները մոտեցան, հայոց հասարակությունը իր դարուղային և քալանթարին[1] ուղարկեց շահի մոտ, խնդրելով, որ զորքեր տան իրանց քաղաքի պաշտպանության համար։ «Մեր զորքերը ուղարկեցինք պատերազմելու, պատասխանեցին նրանց, դուք ուղարկեցեք շահի արքունիքի պահպանության համար 3,000 լավ զինվորված տղամարդիկ»։ Քալանթարը և դարուղան կատարեցին այդ հրամանը, բայց շահի դրանիկները բոլոր հայ զինվորների զենքերը առնելով, ասեցին նրանց․ «Գնացեք, այլևս մեզ պետք չեք»։ Այս խաբեությունը սաստիկ զայրացրեց հայերին, մանավանդ, երբ պարսիկները սկսեցին զինաթափ անել Նոր Ջուղայի մնացած հայերին ևս։ «Դուք մեզ զինվորներ չտվեցիք, աղաղակում էին հայերը, այժմ չե՞ք էլ թողնում, որ մեր զենքերով պաշտպանենք մեր քաղաքը»։ Բայց անիրավ պարսիկները նրանց բողոքը չլսեցին, որովհետև հրամանը շահիցն էր։ Այդ բավական չէր, որ անզեն, անպաշտպան հայերին թողեցին գազանաբարո ավղանների կամքին, բացի դրանից, նշանավոր քեդխուդաների[2] ընտանիքները որպես պատանդ տարան Սպահան և փակեցին քաղաքի պարիսպների մեջ։ Այդ բոլոր դավաճանությունները կատարվեցան այն նպատակով, որ բթամիտ շահի խորհրդականները խրատ էին տվել նրան, թե «հայերին զինաթափ անելով և ավղանների ձեռքը մտնելով, մենք կարող ենք ազատել Սպահանը, որովհետև ավղանները հափշտակասիրության նպատակով եկած են մեզ վրա, հայերի անբավ հարստությունը կկողոպտեն, և դրանով լիացած, բավականացած, հետ

  1. Դարուղա նշ․ ոստիկանության գլխավոր․ քալանթար նշ․ քաղաքապետ։ Սկսյալ Շահ-Աբաս մեծի օրերից, Նոր Ջուղայի հայերը զանազան ուրիշ արտոնությունների հետ ունեին և իրանց քաղաքային ինքնավարությունը։
  2. Քեդխուդա նշ․ ժողովրդի գլխավոր։