Այս էջը սրբագրված չէ

այն ժամանակ, երբ նրանք ինքնակամ թափվեցան հայոց տների մեջ, սկսեցին թալանել, և մինչև անգամ քանդել շինվածքները»։

Չնայելով, որ պարսիկները այսպես դավաճանությամբ Ջուղան մատնեցին ավղանների ձեռքը, որպեսզի Սպահանը ազատեն, բայց պարսից մայրաքաղաքը ավելի վատթար վիճակի ենթարկվեցավ։ Ոչինչ չէր կարող լիացնել անհագ ավղանների հափշտակասիրությունը։ Շահի գանձը, նրա արքունիքը այնպես կողոպտվեցավ, որպես ջուղայեցի հայի տունը։ Նրա որդիները կոտորեցին, ամբողջ հարեմը բաժանեցին իրանց մեջ, տալով շահին երեք կին միայն։ Նրա որդիներից կենդանի մնաց միայն Թահմազ-Միրզան, որ Սպահանի պաշարման ժամանակ գաղտնի փախավ դեպի Մազանդարան։ Մի քանի ամբողջ շաբաթներ Պարսկաստանի լայնատարած մայրաքաղաքում կատարվում էր ավարառություն և կոտորած։ Այդ միջոցին երիտասարդ Միր-Մահմուդ-խանը դեռ չէր մտել քաղաքը։ Նա գտնվում էր Ֆարահաբադի[1] փառավոր ապարանքի մեջ և սպասում էր, մինչև իր զորքերը վերջացնեն իրանց բոլոր բարբարոսությունները։

Երբ ամեն ինչ վերջացած էր, Միր-Մահմուդ-խանը պահանջեց, որ շահը անձամբ գա իր մոտ և տանե քաղաքը հանձնե իրան։ Ծերունի Շահ-Հյուսեինը իր պալատականներով գնաց հաղթողի մոտ։ Նա մտավ Ֆարահաբադի այգին, այն այգին, որ թե իր և թե իր նախորդների մշտական զվարճության դրախտն էր, ուր վատնվում էին Պարսկաստանի ահագին գանձերը, ուր հավերժական հյուրիների նման փայփայվում էին այդ երկրի ամենագեղեցիկ կնիկները։ Նա մտավ այդ այգին հաղթված, խոնարհված, անարգված։ Մի քանի ժամ արեգակի տակ սպասել տալուց հետո ընդունեցին նրան Մահմուդի մոտ։ Նա արտասուքը աչքերում մոտեցավ հպարտ ավղանին, և արքայական ջիխկան[2] իր գլխիցը առնելով, և իր ձեռքով նրա ճակատին կապելով, ասաց․ «Որդի, իմ մեղքերի համար աստված այլևս ինձ արժանի չէ համարում կառավարելու իմ թագավորությունը։ Իմ թագը նա տվեց քեզ։ Ահա ես դնում եմ քո գլխին։ Եվ թող օրհնյալ լինի քո թագավորությունը»։

Նույն օրը Միր-Մահմուդ-խանը, որպես պարսից թագավոր,

  1. Ֆարահաբադ գեղեցիկ այգի է Սպահանի մոտ, որի մեջ կառուցված է Սեֆեվի թագավորների ամառային ապարանքը։
  2. Ջիխկա կոչվում է պարսից թագավորների պսակը, որ ամբողջապես շինված է լինում թանկագին քարերից։