ժամանակ թողեց նրան և ծառայում էր երբեմն Կարթալինիայի, երբեմն Կախեթիայի իշխանների մոտ, որոնք անդադար մինը մյուսի ետևից փոխվում էին պարսից կառավարությունից։ Իսկ երբ Կարթալինիայի իշխանությունը անցավ Գիորգին-խանի[1] ձեռքը, այդ ժամանակ Վախթանգը թողեց Մցխեթը, տեղափոխվեցավ Թիֆլիս, և սկսեց որպես փոխանորդ կառավարել Կարթալինիան, որովհետև Գիորգին-խանը բացակա էր, Պարսկաստանում էր գտնվում։ Այդ ժամանակ Դավիթ բեկը կրկին հանձն առեց Վախթանգի մոտ ծառայել և չբաժանվեցավ նրանից, մինչև իր Հայաստան գնալը։
Գիորգին-խանը սպանվեցավ Ղանդահարում առանց ժառանգ թողնելու։ Որովհետև Վախթանգը պահպանել էր քրիստոնեական կրոնը, շահը նշանակեց Գիորգին-խանի փոխարեն Կարթալինիայի իշխան Վախթանգի եղբորը՝ մահմեդականություն ընդունած Քեյ-Խոսրով խանին։ Երբ այդ վերջինն էլ սպանվեցավ պարսից ավղանների հետ ունեցած պատերազմում, այն ժամանակ Վախթանգը կանչվեցավ Սպահան, որ իշխանությունը նրան հանձնեն։
Բայց բարեպաշտ Վախթանգը[2] չխոնարհվեցավ այն կանոններին, որ ընդունված էին իր նախորդների օրերում, այսինքն՝ նա չհամաձայնվեցավ իր կրոնը փոխելով ընդունել Կարթալինիայի իշխանությունը։ Շահը բարկացավ նրա վրա, հրամայեց բանտարկել։ Յոթը տարի որպես կալանավոր մնաց Սպահանում։ Երկար ընդդիմադրություններից հետո, երբ լսեց հայրենիքի դժբախտությունը, նրա ավերակ դառնալը մի կողմից լեզգիների ձեռքով, մյուս կողմից, իր եղբոր Յասսեի (Ալի-Ղուլի-խանի) չարագործություններով, — վշտացած Վախթանգը վերջապես ակամայից ընդունեց մահմեդականությունը, կոչվեցավ Հյուսեին-Ղուլի-խան, և ստանալով Կարթալինիայի իշխանությունը, վերադարձավ Թիֆլիս։
Այստեղ հանդիպեց նա իր երկու վաղեմի անհաշտ թշնամիներին, մեկը՝ իր եղբայր Յասսեն, մյուսը՝ Կախեթիայի Մամադ-Ղուլի-խանը (Կոնստանդին II-ը)[3]։ Եղբոր հետ Վախթանգը կարողացավ հաշտվել, թեև այդ հաշտությունը երկար չտևեց, բայց Կոնստանդինի հետ ունեցավ անվերջ կռիվներ։ Կոնստանդինը աշխատում էր
- ↑ Գիորգին-խանը Վախթանգի հորեղբայրն էր, կրոնով Մահմեդական։
- ↑ Դա միևնույն պատմագիր, օրենսդիր Վախթանգ VI-ն է, որ վրաց պատմության մեջ բավական փայլուն անուն է թողել։
- ↑ Կոստանդին II-ը կամ Մամադ-Ղուլի-խանը Հերակլ I-ի, այսինքն Նազար-Ալի-խանի որդին էր, և ծնված էր Սպահանում․ թե հայրը, թե որդին երկուսն էլ մահմեդականություն էին ընդունել։