Այս էջը սրբագրված չէ
Դ

Սյունյանց աշխարհի Սիսիան[1] գավառի Ուչ-թափե կոչված դաշտավայրի վրա երևում էին մի քանի սպիտակ վրաններ։ Այդ խուլ, մարդկային բնակությունից հեռու անապատում երբեմն թափառում էին Կարա-չոռլու կոչված թյուրք ցեղի կիսավայրենի խաչնարածները։ Ուրիշ ոչ ոք այդ ավազակների երկյուղից այն կողմերից անցնել չէր համարձակվում։ Իսկ այժմ սպիտակ վրանների երևույթը բավական աչքի զարկող էր։ Ո՞ւմն էին այդ վրանները, ո՞վքեր էին բնակվում նրանց մեջ, — ոչ ոք չգիտեր։ Կարծես, նրանք սունկի նման հանկարծ բուսել էին գետնից և ոչ ոք չէր տեսել նրանց տերերի որևիցե կողմից գալը։

Վրանները կազմված էին դաշտավայրի լեռնային կողմում, մի ձորի մեջ, որ երեք կողմից պատած էր բարձր սարերով, իսկ մի կողմից նեղ փապարով բացվում էր դեպի ընդարձակ, ամայի անապատը, որ ծածկված էր ճոխ խոտաբույսերով։ Մի խումբ թամքած ձիաներ արածում էին վրանների շուրջը։ Մարդիկ չէին երևում։ Նրանք, երևի, նոր էին եկել հեռավոր ճանապարհից և պառկած էին վրանների մեջ իրանց հոգնածությունը կազդուրելու համար։ Մի մարդ միայն, մերձակա քարաժայռի բարձրության վրա նստած, այդ դիտանոցից զգուշությամբ նայում էր իր շուրջը։ Դա, երևի, նրանց պահակն էր։

Արեգակը մայր մտնելու վրա էր։ Սարերի գագաթները դեռ լուսավորված էին վերջին ճառագայթներով, բայց խուլ ձորերի մեջ, որտեղ կազմված էին վրանները, արդեն տիրում էր երեկոյան մռայլը։

Վրաններից մեկի մեջ նստած էր Դավիթ բեկը, իսկ նրա մոտ իր մանկության ընկեր և բարեկամ Ստեփաննոս Շահումյանը։ Երիտասարդ իշխանը համարյա նոր էր իջել ձիուց և նրա անբաժան ծառաները՝ Աղասին և Ջումշուդը դեռ ման էին ածում հոգնած, քրտինքի մեջ թաթախված ձիաները, որ հանգստացնեն։ Երկար տարիների անջատումից հետո, երկու կարոտյալ բարեկամները, առաջին անգամ միմյանց հանդիպելով, որպես երկու սիրահարներ, երկար համբուրվեցան, երկար ողջագուրեցին միմյանց։ Իսկ այժմ թե Բեկը և թե իշխանը երկուսն էլ լուռ էին։ Ի՞նչ լռություն էր այդ, որ տեղի ունեցավ այն ջերմ գրկախառնություններից, այն առաջին սիրալիր խոսքերից հետո։

  1. Սիսական գավառ։