խոստումների վրա, որ դու արել էիր ինձ քո նամակների մեջ։ Այսուամենայնիվ, ես պետք է շնորհակալ լինեմ քո հնարագիտության համար, Ստեփան, դու ցանկանում էիր, որ ես իմ հայրենիքումը լինեմ, — ահա այստեղ եմ։
Վերջին խոսքերի ժամանակ նա բռնեց իր բարեկամի աջը և համակրությամբ սեղմեց։
— Վհատելու ոչինչ չունենք, — ասաց երիտասարդ իշխանը, — ես դարձյալ քեզ համար գունդեր կկազմեմ, ինձ հարկավոր էր միայն քո այստեղ ներկայությունը, — և այդ բավական է ժողովուրդը ոտքի կանգնացնելու համար։
Այդ խոսքերը այնպիսի մի զգացմունքով արտասանեց նա, որ սաստիկ ազդեց Բեկի սրտին։ Նրա մի քանի րոպե առաջ մռայլված դեմքը կրկին պայծառացավ և նրա զգայուն հոգին լցվեցավ անսահման ուրախությամբ։ Նա տեսնում էր իր առջև մի եռանդոտ երիտասարդ, որ այնքան անկեղծ և ջերմ սրտով նվիրված էր հայրենիքի փրկության գործին և դրանով մխիթարվում էր։
— Ես ամենևին չեմ վհատում, Ստեփան, — ասաց նա, — որ այստեղ չգտա այն, ինչ որ սպասում էի։ Ես դարձյալ ուրախ եմ, որ իմ հայրենիքում գտնում եմ գոնե մի բարեկամ, որ համակրում է ինձ։
— Մի մարդով ոչինչ չի դառնա։
— Այդ մի մարդը կդառնա հարյուր, իսկ հարյուրը — հազարներ։
— Ես քեզ ասեցի, որ իմ առաջուց կազմած ծրագիրը փոխեցի արդեն, — շարունակեց նա այժմ ավելի համոզիչ եղանակով։ — Ես հույս ունեի, որ այստեղ կգտնեմ բազմաթիվ պատրաստի ուժեր, որոնց գլուխը անցնելով, կսկսեմ գործը։ Այժմ հանգամանքները փոխվեցան, ես էլ ստիպված եմ փոխել իմ ձեռնարկության ձևը։ Ես այժմ գործը փոքրով կսկսեմ և դրա համար բավական մարդիկ ունեմ։
— Քառասո՜ն հոգի միայն․․․— ընդհատեց իշխանը ծիծաղելով։
— Սկսելու համար քառասուն հոգին փոքր չէ, — ասաց Բեկը վստահությամբ։
— Եթե դու կսպասեիր, ես մի քանի օրվա մեջ մի քանի գունդեր կպատրաստեի։ Դարձյալ կրկնում եմ իմ խոսքը։
— Այժմ գունդեր ամենևին պետք չեն։ Մարդիկների բազմությունը կծանրաբեռնե ինձ։ Մեր գունդերը ինքնըստինքյան կկազմվեն։