սարսափը, որ նա կտարածե թշնամիների վրա։ Իսկ թշնամուն սարսափի մեջ ձգելու համար, գոնե սկզբում այս տեսակ անգթությունները պետք են։ Եվ Բեկը այդ անհրաժեշտությունը շատ լավ է հասկանում։ Գազանների հետ բարեսրտությամբ ոչինչ չես կարող շինել։
— Մի բան էլ կա, — առաջ տարավ սրբազանը․ — Բեկի այս տեսակ գործողությունները ոչ միայն մեծ սարսափ կտարածեն մահմեդականների վրա, այլ սաստիկ ազդեցություն կունենան նույնիսկ հայերի վրա, որոնք առանց առաջնորդի, առանց ուղեցույցի միշտ դժվարանում են գտնել ուղիղ և անմոլոր ճանապարհը։ Նա իր հաղթություններով նպաստեց և մեր նպատակներին։ Ես մեծ վստահություն չէի ունենալ, թե իմ նամակներով, թե իմ հրավերքով հայոց իշխանները կհավաքվեին այստեղ և կմիանային Բեկի հետ, եթե նա այդ հրաշքները գործած չլիներ։ Համարյա մեկ շաբաթվա մեջ նա կատարեց չորս փառավոր հաղթություններ, ինչպես են՝ Ուչ-թեփեի, Շընհերի, Ջիվանշիրների և Կուրթլարի ճակատամարտը, և այդ բոլորը սկսեց նա քառասուն հոգով։
— Վերջին տեղեկությունները նույնպես Ստեփաննոս իշխա՞նն է հաղորդել ձեզ, սրբազան, — հարցրեց Խորն հայր սուրբը։
— Նա է հաղորդել։ Բայց մենք ուշանում ենք, Խորն հայր սուրբ, — խոսքը փոխեց սրբազանը, նամակների ծրարները գրասեղանի վրայից առնելով և նրան տալով։ — Այս նամակները հենց այս առավոտ պետք է ուղրկվեն։ Շուտով կկատարվի սուրբ Վարդանանց նահատակների հոգեհանգիստը։ Ես իմ նամակների մեջ նշանակել եմ, որ այդ հանդիսավոր տոնին բոլորը այստեղ գտնվեն, որպեսզի այդ խորհրդավոր օրում կնքվի և խորհրդավոր գործի ուխտը։
— Նամակները ես ինքս կտանեմ, — ասաց Խորն հայր սուրբը;
— Դուք նոր եկաք ճանապարհից, բավական հոգնած կլինեք, — պատասխանեց սրբազանը։
— Ձեր հաղորդած ուրախալի տեղեկությունները բոլորովին կազդուրեցին իմ հոգնածությունը։ Այդ նամակների հետ նշանակություն ունի և կենդանի խոսքը։ Թույլ տվեցեք, սրբազան, որ այդ ցանկալի դեսպանախոսությունը ես կատարեմ։
— Օրհնյալ լինիք, որդի, ասաց սրբազանը։ Իսկ Խորեն հայր սուրբը, առնելով նամակների ծրարները, համբուրեց իր մեծավորի աջը և հեռացավ։