Այս էջը սրբագրված չէ

վրա։ Բայց թշնամին եկավ, բոլորը հափշտակեց, բոլորը ոչնչացրեց և մեզ իր ստրուկը դարձրեց։ — Այդ էլ գողություն է, մի ահագին գողություն։ Եվ աստված ինքը կօգնե մեզ, երբ մենք կպատժենք գողին և հետ կխլենք նրա հափշտակությունը։

Աստված իր սուրբ գրքի մեջ մեզ տվել է հազարավոր օրինակներ այդ մասին․ ես կհիշեմ մի քանիսը միայն։

Ահա ինչ է ասում Եհովան Մովսեսի բերանով Իսրայելի ժողովրդին․ «Երբ որ քո տեր աստվածը քեզ կտանե այն երկիրը (Քանանացոց երկիրը), ուր որ պիտի մտնես ժառանգելու համար, նա քո առջևիցդ շատ ազգեր պիտի հալածե, այսինքն՝ քետացիներին, գերգեսացիներին, ամորհացիներին, քանանացիներին, փերեզացիներին, խևացիներին ու հիրուսացիներին։ Այդ յոթը ազգերին, որոնք քեզնից մեծ ու զորավոր են, երբ որ քո տեր աստվածը դրանց քո ձեռքը կտա, պետք է դրանց կոտորես ու բոլորովին ոչնչացնես»[1]։

Աբրահամի, Իսահակի և Հակոբի հայրենիքին տիրում էին օտարազգիները։ Աստված կամենում էր, որ Իսրայելը կրկին տեր դառնար իր հայրենական ժառանգությանը և հրամայում էր նրանց կոտորել, եթե չհնազանդվեին։

Դարձյալ ասում է Եհովան Մովսեսի բերանով Իսրայելի ժողովրդին․ «Երբ որ մեկ քաղաքի մոտենալու լինես, նրա հետ պատերազմելու համար, նախ նրան խաղաղության հրավիրե։ Եվ եթե որ քեզ խաղաղության պատասխան կտա ու դռները քո առջև կբաց անե, այն ժամանակ քաղաքի մեջ գտնված բոլոր ժողովուրդը պետք է քեզ հարկատու լինի և քեզ ծառայություն անե։ Բայց թե որ քեզ հետ խաղաղություն անել չկամենա, և պատերազմ անե, այն ժամանակ պետք է քաղաքը պաշարես։ Եվ երբ որ քո տեր աստվածը քո ձեռքը կմատնե այդ քաղաքը, նրա բոլոր արուներին պետք է սրի բերնից անցկացնես։ Իսկ կնիկներին, տղաներին, անասուններին և ինչ որ կա այն քաղաքի մեջ, — նրա բոլոր ավարը քեզ համար պետք է վեր առնես, և քո տեր աստուծուդ քեզ մատնած քո թշնամիների ավարը պիտի ուտես։ Ահա այսպես պիտի անես քեզնից հեռու գտնվող բոլոր քաղաքների հետ։ Եվ քո տեր աստուծո քեզ ծառայության տված այս ազգերի (օտարների) քաղաքների մեջ մի որևիցե շունչ ունեցողին պետք է բնավ ողջ չթողնես»[2]։

  1. Երկրորդ օրինաց Է․ գլ․ համար 1—5։
  2. Երկրորդ օրինաց Ի․ գլ․ համ․ 10—16։