Այս էջը սրբագրված չէ

ուխտ դնե, հավատարմության երդում տա, որ կհետևի այդ հերոսին, որը իր փառավոր հաղթություններով մեզ ցույց տվեց, որ ընդունակ է իր հանձն առած գործին։

Քարոզիչը ավարտեց իր խոսքը, և մինչև որ կկատարվեր ուխտադրության արարողությունը, նա կարդաց մի աղոթք․

«Ով տեր աստված, աստված Հայկի, Արամի և Տիգրանի, առաքիր մեզ Վարդանի ու նրա աջակից քահանաների՝ Հովսեփի ու Ղևոնդի հոգին։ Թող հայրենիքի այդ մեծ պաշտպանների հոգին ուժ և զորություն տա մեզ, թող նեշնչե մեր մեջ հայրենասիրության եռանդը, որ հետևենք այդ քաջերի օրինակին, որ նրանց պես մեր հայրենիքի ազատության համար պատերազմենք, որ նրանց պես փառավոր մահով մեռնենք; Ով տեր աստված, դու, որ առաջնորդեցիր Մովսեսին Իսրայելը դուրս բերել Եգիպտոսի գերությունից, դու, որ քո օգնական աջը տարածելով Աբրահամի զավակների վրա, ծովի և կրակի միջից անցկացրիր նրանց, և ահագին ազգեր նրանց առջևից ոչնչացնելով, Իսրայելը բնակեցրիր նրա հայրերին խոստացած երկրում, — նույն օգնական աջի հովանավորությունը տարածիր և Հայկի զավակների վրա, որոնք նախ քան բոլոր ազգերը, ընդունեցին քո սուրբ ավետարանի լույսը, որոնք ամեն ինչ զոհեցին, ամեն ինչ կորցրին քո տաճարների սրբությունը պահպանելու համար։ Ո՜վ տեր աստված, հիշի՜ր դրախտը, ուր բնակեցրիր մարդկության նախաստեղծ զույգը, հիշիր քո սուրբ Արարատը, ուր Նոյը առաջին անգամ զոհաբերության սեղան կազմեց քեզ համար, հիշի՜ր սուրբ Էջմիածինը, ուր քո միածին որդին երկնքից իջնելով, տեսնվեցավ Հայաստանի Լուսավորչի հետ և օրհնեց հայկական նորընծա հոտը, — հիշի՜ր աշխարհի սկզբից քեզ նվիրված երկիրը և նրա հավատարիմ ժողովուրդը, և մի՜ թող տուր, որ նա կորչի, ոչնչանա անօրենների ձեռքից։ Ով տեր աստված, մաքրիր մեր սրտերը, որ հավատով և անկեղծությամբ մոտենանք քո սուրբ Խաչին ու Ավետարանին, և ընդունիր մեր ուխտը որպես կրոնի, ազգության և հայրենիքի փրկության ուխտ, և առաքիր մեզ քո օրհնությունը, տուր զորություն քո ծառաներին, որ քաջությամբ կատարեն այն մեծ գործը, որ սկսած են քո անունով։ Եվ որի համար լինի քեզ փառք, հավիտյանս, ամեն»։

Աղոթքից հետո եկեղեցական ամբողջ դասը երգեց երկրորդ սաղմոսը․ Խզեսցուք զկապանս նոցա, և ընկեսցուք ի մէնջ զլուծ նոցա»։ Այդ սաղմոսերգության ժամանակ վանքի զանգակները