մասնակցելով կռվի մեջ։ Իսկ եթե դուք չեք կարող հետևել նրանց օրինակին՝ վերք տալ և վերք ստանալ թշնամուց, գոնե ընդունեցեք դարմանել ձեր տղամարդերի վերքերը։ Եվ այդ ամենամեծ առաքինությունն էր, որ կինը կարող է մատուցանել պատերազմող մարդուն։
— Մենք ամեն բանի պատրաստ ենք, ամեն զոհաբերություն հանձն կառնենք, — պատասխանեցին կնիկները։ — Թշնամին մեր տունը քանդեց, մեր օջախի ծուխը մարեց, էլ ո՞ր օրվա համար ենք ապրում։ Նա արատավորեց ամեն ինչ, որ սուրբ և մաքուր էր մեզ համար։ Այլևս համբերություն չէ մնացել։ Կամ պիտի միանգամով մեռնենք, կամ պիտի ազատվենք վատ դրությունից։ Մենք մեր պատվի, մեր ընտանիքի, մեր կյանքի տերը չէինք։ Որդիք էինք մեծացնում, նա էր տանում․ անասուններ էինք հասցնում, նա էր տանում, մեր զավակների համար շալեր էինք գործում, կտավ էինք պատրաստում, նա էր տանում, իսկ մեր զավակները մնում էին մերկ։ Նա մեզ մոտ ոչինչ չէր թողնում, ինչ որ լավ էր, ինչ որ մեզ հարկավոր էր։ Էլ ինչի՞ն է պետք այսպիսի կյանքը, երբ մարդ իր գլխի, իր տան տերը չէ։ Մենք շատ անգամ ցույց ենք տվել, թե հարկավոր ժամանակ ինչպես պետք է վարվել թշնամու հետ։ Այն երևելի կինը, տաթևացի Սոնան, մեր քույրերից մեկն էր, որ իր գեղեցկությամբ հրապուրեց Ալի-խանին, և մի գիշեր իր տունը բերելով, գլուխը կտրեց։ Նա մեր երկիրը ազատեց մի բռնակալից, թեև ինէն էլ իրան սպանեց գործողությունը կատարելուց հետո։ Նրա պատմությունը մենք միշտ համակրությամբ ենք լսել մեր ծնողներից։
Թե Բեկը, թե Ներսես եպիսկոպոսը և թե այնտեղ կանգնած ավագները մեծ ուրախությամբ էին լսում կնիկների խոսքերը։ Երբ նրանք ավարտեցին, եպիսկոպոսը ասաց․
— Ես հավատացած եմ, որ սյունեցի կինը նույնքան քաջասիրտ է, որքան սյունեցի տղամարդը։ Բայց դուք մոռանում եք մի անցք, որ պատահեց մեզանից մոտ քսան տարի առաջ։ Այդ անցքը կարող է ձեզ լավ օրինակ լինել։ Պարսիկները տիրեցին Գենվազի ամբողջ գավառը, մնաց միայն Կալեր ավանը, որը չկամեցավ անձնատուր լինել և քաջությամբ պաշտպանվում էր։ Վերջը պարսիկները խաբեությամբ տղամարդերին կանչեցին իրանց բանակը, հրամայեցին բոլորին կոտորել։ Այդ դավաճանությունից հետո կամենում էին տիրել Կալերին։ Բայց կնիկները զինվեցան թշնամու դեմ և սկսեցին կռվել։ Երկար պաշտպանվում էին նրանք, իսկ