Այս էջը սրբագրված է

հրամանի ներքո 250 հոգի։ Ջուղայի Մաղա մելիքի երկու որդիները՝ Աշոտ և Սմբատ ունեին իրանց հրամանի ներքո 400 հոգի։ Տաթևի Կիջի, Այտի, Եսայի և տիրացու Սիմեոն տանուտերները ունեին իրանց հրամանի ներքո 400 հոգի։ Շընհերի Մինաս և Ստեփան տանուտերները ունեին իրանց հրամանի ներքո 550 հոգի։ Մեղրիի մելիք Կոնստանդինը, Հովհաննեսը, Սարի և Առաքել տանուտերները ունեին իրանց հրամանի ներքո 400 հոգի։ Բոլոր զորքերի թիվը հասնում էր 6878 հոգու։ Հիշյալ գունդերի վրա Բեկը սպարապետ կարգեց Մխիթարին, բայց ընդհանուր հրամանատարությունը իր վրա պահեց։

Այդ կամավոր զինվորները հավաքված էին նույն զորապետների ձեռքով, որոնց հրամանի ներքո և գտնվում էին նրանք։ Զորապետներից շատերը, որպես էին Թորոս իշխանը, Մելիք-Փարսադանը, Պապ զորապետը, իրանց ծախքով զինվորել էին իրանց գունդերը։ Իսկ ոմանք հավաքել էին իրանց իշխանության տակ եղող գյուղերից։

Բեկը վճռեց շուտով սկսել իր հարձակողական գործողությունները։


Թ

Դավիթ ուրացողին կալանավորելուց հետո Տաթևի վիճակը ազատվեցավ մի չարագործից։ Այդ նոր Վասակը, որ Ֆաթալի խանի աջ ձեռքն էր, հենց որ լսեց Բեկի Սիսիանի մեջ կատարած հաղթությունները, հենց որ իմացավ նրա Տաթևին մոտենալը, պատրաստվեցավ առաջն առնել։ Նա հավաքեց իր ձեռքի տակ գտնվող պարսկական զորքերը, և տեղային հայերից ևս բավական բազմություն ստիպմամբ պարսիկների հետ միացնելով, աշխատում էր թույլ չտալ Բեկին Տաթևի սահմանը մտնել։ Հորը աջակցում էր Շահ-կուլի անունով որդին, որ ծնված էր պարսիկ կնոջից։

Բեկի հրամանի ներքո, ինչպես մեզ հայտնի է, այդ ժամանակ կային մոտ 500 զինված մարդիկ։ Իսկ ուրացողի ուժերը հնգապատիկ ավելի էին։ Նրանք բռնել էին դեպի Տաթև տանող ճանապարհների բոլոր անցքերը;

Բեկը նստած էր իր սառուլար[1] ձիու վրա, որ Սյունյաց աշխարհի ամենաընտիր նժույգների տեսակիցն էր։ Նա գնում էր ամենից

  1. Սառուլար կոչվում են Սյունյաց աշխարհի ոսկեգույն ձիաները, որ մի առանձին ցեղ է։