Այս էջը սրբագրված չէ

կմախքը։ Սիրում եմ այդ թունավորված, հազարավոր հիվանդություններով վարակված մարմինը, որից մահվան հոտ է փչում, — հիվանդություններ, որ նա ստացել է իր բազմաթիվ հոմանիներից, որոնց նա շապիկի նման մինը մյուսի ետևից փոխում էր։ Սիրում եմ, բայց ինչո՞ւ համար, ինքս էլ չգիտեմ։ Սիրում եմ ատելով, սիրում եմ զզվելով․․․ բայց սիրում եմ։

— Սիրելուց բխած այդ զզվանքը, այդ դառն ատելությունը շատ բնական է, — ասաց սրբազանը՝ կտրելով իշխանի խոսքը։ — Դա սիրող մարդու արդար վրդովմունքն է, որ առաջ է գալիս նրանից, երբ իր սիրած առարկայի մեջ գտնում է մի որևիցե արատ, մի որևիցե բիծ, որ մաքրել չէ կարող։ Ձեր ատելությունը դեպի այն ազգը, որին դուք շատ իրավացի կերով պոռնիկ կնոջ հետ համեմատեցիք, ես բոլորովին բաժանում եմ։ Այդ ատելությունը ցույց է տալիս, իշխան, ձեր չափազանց բարի ցանկությունները, որով փափագում եք պոռնիկը դուրս քաշել իր բարոյական ցեխից և նրան օրինավոր, պատվավոր կյանքի սովորեցնել։ Բայց երբ նկատում եք, որ նա ուղղվելու ոչ մի ընդունակություն չէ ցույց տալիս, սկսում եք բարկանալ, սկսում եք ատել, բայց չդադարելով միևնույն ժամանակ սիրելուց։ Ինքը Հիսուս Քրիստոսը սիրում էր ընկած կնիկներին, սիրում էր նրանց ուղղելու համար։ Եվ նա հասավ իր նպատակին, նրա վարդապետության ամենաջերմ տարածողները եղան այդ ժողովրդի մերժված կնիկները։

— Ինչո՞ւ ենք հեռու գնում, — առաջ տարավ սրբազանը իր խոսքը․ — ահա մի մարդ, ինչպես մելիք Դավիթ ուրացողը․ նա բարոյապես ընկած մի մարդ է։ Նա դավաճանեց իր հայրենիքին, և պարսիկների ձեռքում գործիք դառնալով սկսեց նրան ավերակ դարձնել։ Նույն չարագործությունները շարունակելու համար և պարսից լուծը մեր ժողովրդի վրա պահպանելու համար նա կանգնած է այժմ մեր ճանապարհի վրա, որ արգելե մեր մուտքը, որ թույլ չտա մեզ պարսիկների անիրավությամբ տիրած երկրի վրա ոտք կոխենք։ Այսպիսի դավաճաններին ոչ սակավ անգամ ծնել են Հայաստանի մայրերը։ Բայց դրանք ինչո՞վ են մեղավոր։ Դրանք արդյունք են նույն անբարոյականացած, նույն փչացած ժողովրդական կյանքի։ Հիվանդոտ կինը չի կարող առողջ որդիք ծնել։ Հիվանդ ժողովրդից այս տեսակ հրեշներ առաջ կգան։ Եթե կամենում ենք, որ դրանք չլինեն, պետք է ուղղենք ժողովրդի առողջություն, — ուղղենք նրան սիրելով։

Այդ խոսակցությունը, որ բոլորի համար հետաքրքիր էր, ընդհատվեցավ։