Այս էջը սրբագրված չէ

էր նա մի քանի րոպե, երբ մի փոքր շունչ էր առնում, հանգստանում էր, հետո վեր էր կենում, դարձյալ շարունակում էր իր փախուստը։

Նա աչքը դարձրեց դեպի երկինքը, տեսնելու, թե գիշերից որքան էր անցել։ Ոչինչ նշմարել չկարողացավ․ երկինքը պատած էր ամպերով։ Նա ամեն բան կտար, որ գիշերը երկար ու շատ երկար լիներ, և ինքը խավարով շրջապատած, կարողանար անցկենալ ընդարձակ տարածություն։

Հանկարծ նա սոսկաց։ Կարծես, նրա ոտքերից բռնեցին և ցած գլորեցին։ Կարծես հարյուրավոր մարդիկ շրջապատեցին նրան։ «Մի՜ սպանեք, — գոչեց նա ողորմելի ձայնով, — ես անձնատուր կլինիմ․․․ ահա իմ զենքերը»։ Նա իր դատարկ ձեռքերը տարածեց օդի մեջ, որպես թե մի բան տալիս էր։ Բայց նրա զենքերից և ոչ մեկը չէր մնացել իր վրա։ Գոտին կտրվելով, թուրը ճանապարհին վայր էր գցել․ ատրճանակները նույնպես կորցրել էր․ նրա գտակը մինչև անգամ գլխին չէր։

Նկատելով, որ երևակայական զենքերը իր ձեռքից ոչ ոք չէ առնում և թշնամիներից ոչ ոք չէ մոտենում, նա խոսեց ինքն իրան․ «Երևի, վախեցան, երևի, փախան, էլ չեն երևում․․․»։

— Ես այստեղ եմ․․․ — լսելի եղավ մի ձայն։

Երիտասարդը դարձյալ սարսափեցավ։ Ձայնը լսելի եղավ հենց նրա մոտից, հենց նրա ոտքերի տակից։ Նա դողդողաց և ընկավ մի դիակի վրա։

— Էդ էր պակաս, ես շարժվել չեմ կարողանում, դա էլ իմ վրա մի ծանր բեռ դարձավ․․․ — խոսեց դիակը, աշխատելով իր վրայից հեռացնել ընկած երիտասարդին։ Բայց երիտասարդը ինքն իրան գլորվեցավ դեպի մի կողմ։

— Երևի դա էլ վիրավորված է, — խոսեց առաջին ձայնը։

— Ես վիրավորված չեմ, — պատասխանեց երիտասարդը, — ի սեր աստուծո, մի՜ սպանեցեք ինձ։

— Շատ էլ որ ուզենամ, չեմ կարող սպանել, ինձ մոտ սպանելու ոչինչ չէ մնացել․ իսկ մի փոքր հեռու գնալու և մի քար վեր առնելու չափ ուժ չունեմ։

Վերջին խոսքերից խրախուսվելով, երիտասարդը հարցրեց․

— Դու ո՞վ ես։

— Ես վիրավորված զինվոր եմ։ Անիրավները այնպես ծակեցին կողքս, որքան էլ ձեռքով հուպ եմ տալիս, չեմ կարողանում արյունը կանգնեցնել։ — Ա՛խ, մի փոքր ջուր եթե կարելի լիներ գտնել այստեղ։