Այս էջը սրբագրված չէ

Բայց երիտասարդը ամենևին ուշադրություն չդարձրեց իր կացության վրա։ Նրա զգայարանքները այն աստիճան բթացած էին, որ ամենևին չէր զգում շնաբույնի մեջ տիրող անտանելի գարշահոտությունը։ Նրա հոգնած, ջարդված անդամները իսկույն հրավիրեցին մի խորին և հանգիստ քուն, որ երբեք չէր վայելած իր հոր տան մետաքսյա անկողիններում։

Տանտիկինը ձեռքի ճրագը հանգցնելով, կանգնած մնաց շնաբույնի դռան մոտ և երկար ուշադրությամբ լսում էր քնած հյուրի խռմփալու ձայնը։ Եթե մեկը խավարի մեջ կարող լիներ նշմարել այդ մանկահասակ կնոջ դեմքի ուրախ արտահայտությունը, կհասկանար, թե որպիսի անսահման հոգեկան բերկրության մեջ է գտնվում նա։ Իր երկրի տիրող իշխանի որդուն, իր հարստահարչին, նա կոխել էր շնաբույնի մեջ։ Դա մի կատակ էր, մի դա՛ռն և չա՛ր կատակ։ Ուրիշ կերպով վրեժխնդիր լինել չէր կարող նա, բայց դրանով ևս չբավականացավ։

Երբ բոլորովին համոզվեցավ, որ նա քնած է, հեռացավ շնաբույնից, դիմեց դեպի բակի դուռը, ձեռքը տարավ փականքին, տեսավ, որ կողպված է։ Թեև դուռը ինքն է կողպել, բայց կամենում էր նորից ստուգել։ Հետո մտավ խրճիթը և կրկին վառեց ճրագը։ Մոտեցավ պառկած երեխաներին, նրանք նույնպես քնած էին, բոլորը մեկ վերմակի տակ։ Նա ուղղեց վերմակը, որ անհանգիստ երեխաները մի կողմ էին գցել։ Եվ ապա սկսեց ճրագով խրճիթի քունջ ու պուճարը որոնել։ Նա անդադար վեր էր առնում այս և այն առարկաները, նայում էր և մի կողմ էր գցում։ Կարծես, նրանք չէին հարմարվում մի նպատակի, որի համար կամենում էր ծառայեցնել։ Հետո գտավ մի կոտրած դանակ, փորձեց ձեռքի վրա, տեսավ, որ շատ բութ է։ Դանակը նույնպես մի կողմ դրեց։ Վերջապես գտավ մի թավլամեխ[1]․ այդ լավ էր, բայց պետք էր մի ուրիշ գործիք ևս նրան ցանկացած տեղը խրելու համար։ Վեր առեց քուֆտա ծեծելու օթակը[2]։ Այդ երկու զենքերով դիմեց նա դեպի շնաբույնը։ Կատվի նման իր քայլերը այնքան ուշիկ-ուշիկ էր փոխում, որ ամենևին ձայն չէր լսում։ Մի քանի րոպե կանգնեց շնաբույնի դռան առջև, ականջ էր դնում։ Երիտասարդը ոչ միայն ծանր կերպով խռմփում էր, այլ սկսել էր քնի մեջ խոսել։ Այդ ավելի հաստատ նշան էր, որ նա արթուն չէ։

  1. Թավլամեխ նշանակում է ախոռատներում գործ ածվող երկաթե մեծ մեխ, որ գլխի կողմում օղակ ունի և այնտեղից կապում են անասուններին։
  2. Օթակ նշանակում է փայտից շինած մեծ մուրճ։