Այս էջը սրբագրված չէ

— Այսպիսի հուսահատական րոպեներում միակ մխիթարությունը մարդ կարող է գտնել աստուծո մեջ։ Դիմեցեք աստուծուն, մելիք, հեզությամբ և խոնարհված սրտով, նրանից թողություն խնդրեցեք։ Ձեր աշխարհայինը թշվառությամբ անցավ, գոնե մյուս կյանքում դուք երջանիկ կլինեք, եթե կզղջաք, եթե կխոստովանեք ինձ մոտ ձեր մեղքերը;

— Եթե ես գործել եմ մի մեղք, լավ է, որ նրա մեջ մեռնեմ, — ասաց կալանավորը դառն ատելությամբ․ — Դա կլինի մի ազդու բողոք բարության աստուծո դեմ, որ որդուս ինձնից խլելուց հետո՝ ինձ ձգեց այդ կապանքների մեջ։

— Դուք հայհոյում եք ամենակալի արդարադատությունը, մելիք։ Դարձյալ կրկնում եմ, այսօր Բեկը կտա ձեր մահվան դատավճիռը․ դեռ բավական ժամանակ ունեք զղջալու և ներումն խնդրելու։

— Ես ներում խնդրելու սովորած չեմ, ոչ երկնքից և ոչ երկրի վրա բնակվող մարդերից։ Լավ է, որ ինձ հանգիստ թողնեք, հայր սուրբ։

Աբեղան վեր կացավ, ներս կանչեց դրսում կանգնած շաթրներին, կրկին կալանավորի ոտները ամրացրին կոճղի մեջ, և խուցի դուռը կողպելով, նրան թողեցին այնտեղ միայնակ։

Նույն ավուր կեսօրային պահուն Տաթևի հրապարակի վրա հավաքվել էր խուռն բազմություն։ Բոլորը անհամբերությամբ սպասում էին հանդիսատես լինելու երկրի բռնավորի և ավերիչի մահվան պատժին։ Բոլորի աչքերը դարձրած էին դեպի վանքի ճանապարհը, որտեղից պետք է բերեին մահապարտին։

Հրապարակի մեջտեղում կանգնած էին զինված մարդիկ, թողնելով իրանց միջնավայրում բոլորակ տարածություն։ Այստեղ դանակը սրելով ման էր գալիս արբած դահիճը, ոտքից ցգլուխ կարմիր հագնված։

— Ի՜նչպես արդար է աստուծո դատաստանը, — ասաց մի գյուղացի իր մոտ կանգնած հանդիսականին․ — հինգ տարի առաջ չարագործը հենց այս հրապարակի վրա գլխատել տվեց քսանևհինգ անմեղ երիտասարդներ, և ո’րպիսի քաջ երիտասարդներ, ամեն մեկը հազար մարդու արժեր։ Հիմա ինքը նույն տեղում գլխատվում է։

— Հիշում եմ․․․ — հոգվոց հանելով ասաց մյուսը․ — այդ երիտասարդները պատկանում էին վանքեցի Խեչոյի խմբին, որոնք ամրացել էին Ցուրա բերդում, կողոպտում էին պարսիկ հարկահաններին,