Այս էջը սրբագրված է

հարմարություն ունեին իրանց տնտեսության մեջ բոլոր աշխատությունները աղախինների ձեռքով կատարելու, բայց դարձյալ հավատարիմ մնալով ավանդական սովորություններին, իրանց գործը իրանց ձեռքով էին կատարում։ Քաղաքակրթության բացակայությունը ազատ էր պահել նրանց տանտիկնոջ թե քնքշությունից և թե ծուլությունից։ Բայց պետք է նկատել, որ աշխատում էին պառավները միայն, իսկ ավելի մանկահասակները կամ դեռ քնած էին, կամ զբաղված էին իրանց առավոտյան զարդարանքով։

Չադրները, որոնց մեջ զետեղված էր կանանոցը, բոլորովին առանձնացած էին խանի մյուս վրաններից։ Նրանք թվով քսանից ավել կլինեին, որոնց յուրաքանչյուրը հատկացրած էր նրա կնիկներից մեկի բնակության համար։ Ագուլեցի հայ վաճառականների Սպահանից և Հնդկաստանից բերած թանկագին փարչաները զարդարում էին այդ շքեղ օթյակները, որոնց մեջ ապրում էին երկրի ամենագեղեցիկ կնիկներից ընտրյալները։ Չադրները կիսաբոլորակի ձևով շարված էին մինը մյուսի մոտ, թողնելով մեջտեղում հրապարակի նման ընդարձակ տարածություն։ Խոտերը այդ տարածության վրա կոխվելով, բոլորովին սևացել էին և կպել գետնին։ Այստեղ խառնափնթոր կերպով շարժվում էր, վըժվըժում էր և խլրտվում էր մի ամբողջ լեգեոն։ Այստեղ կարելի էր տեսնել մի բազմություն ամեն ազգից և ամեն գույնի․ — սևամորթ և սպիտակամորջ աղախիններ, ներքինի ծառաներ, Աֆրիկայի խորքերից բերած սև սպասավորներ, խառն ահագին գամփռների և նիհար որսորդական բարակների հետ։ Գնչուների կատարյալ թաբուն էր դա։

Կանանց հագուստը շատ պարզ էր, երեք կտորից միայն բաղկացած` շապիկ, շալվար և թիկնոց։ Նուրբ, թափանցիկ կերպասից կարված, կարճլիկ շապիկը հազիվ սքողում էր կիսաբաց կուրծքը և իջնում էր մինչև այնտեղ, ուր փորը բաժանվում է մարմնի մի այլ մասից։ Հետո սկսվում էր շալվարը, որ մեր կանանց յուփկայի տեղ էր ծառայում։ Նա կարված էր մետաքսյա խառայից, զարդարած ոսկեհյուս ծաղիկներով և հասնում էր մինչև ծնկները միայն, բոլորովին մերկ թողնելով ոտների լիքը և հաստլիկ սրունքները[1]։ Շալվարի ստորին եզերքը, չորս մատ լայնությամբ,

  1. Լիքը սրունքները գեղեցկության մի նշան համարվելով, մահմեդական կնիկները արհեստական կերպով հաստացնում են նրանց, վերևից միշտ պինդ կապած ունենալով, և արյունը բնականաբար հավաքվելով ոտների ստորին մասերում, հաստացնում է սրունքները։