Այս էջը սրբագրված չէ

մարդիկների հետ։ Նա իր հաճախորդների մեջ լավ ընտրողություն անել գիտեր․ երբեք թույլ չէր տալիս, որ իր չհավանած գինի կամ արաղ գնողները իր տանը նստեին կամ այնտեղ խմեին, այլ պարտավոր էին առնել և դուրս տանել։ Դրա համար բակի մեծ դռան մեջ բացված էր մի դռնակ, որտեղից նա հաճախորդների փողը և դատարկ ամանները ընդունում էր, և արաղով կամ գինիով լցնելով, ճանապարհ էր դնում։

Երկրի սովորությունը արդարացնում էր Սառայի վարմունքը․ Սառան կին էր, բավական գեղեցիկ կին, նրա տղամարդը մեռած էր և իր տանը օտար մարդիկ ընդունելը անպատշաճ էր նրա համար։ Իսկ այդ գիշեր, ընդհակառակն, նրա տան ստորերկրյա մառանում, ուր դրած էին գինում կարասները, ճրագ էր վառվում։ Հինգ հոգի նստած էին այնտեղ, խմում էին։ Նրանց առջև դրած էր հաց, և տաք խորովածը ինքը Սառան շամփուրներով ներս էր բերում և բաժանում էր ընթրողներին։ Արդյոք նրա ծառաները տանը չէի՞ն, թե տանտիրուհին ցանկանում էր, որ իր հյուրերին ոչ ոք չտեսնե, և այդ պատճառով ինքն էր հանձն առել ծռայությունը, — հայտնի չէ։ Միայն նա մի առանձին հարգանքով էր վերաբերվում դեպի իր հյուրերը, որոնց թե դեմքերը և թե հագուստը բավական կասկածավոր արտահայտություն ունեին։

— Կես-գիշերից անցավ, — ասաց հյուրերից մեկը․ — դեռ ոչինչ ձայն չկա։

— Եթե մի ձայն լիներ, իմ շունը առաջինը կլիներ, որ խաբարը մեզ կտար, — պատասխանեց տանտիկինը։ — Դուք ձեր քեֆին կացեք, ես իսկույն կբաց անեմ, երբ դռան թխկոցը կլսեմ։

Նա դուրս գնաց։ Երևում էր, այդ մարդիկը անհամբերությամբ սպասում էին ուրիշներին, որոնց ուշանալը նրանց անհանգստություն էր պատճառում։ Մեկը ասաց․

— Չի լինի թե մի վտանգի պատահած լինեն։

— Նրանց եթե ջրաղացի տակն էլ գցես, ողջ կդուրս գան, — պատասխանեց մյուսը։

— Ապա ինչո՞ւ այդքան ուշացան։

— Ո՞վ է իմանում, կարելի է մի արգելք պատահած լինի։

Նրանք սկսեցին դարձյալ խմել, հանգստանալով այն մտքով, թե իրանց սպասած մարդիկը եթե ջրաղացի տակն էլ ընկնելու լինեն, ողջ կդուրս գան։

Իսկ Սառան դուրս գալով մառանից, որտեղ նստած էին հյուրերը, քարյա սանդուղքներով բարձրացավ և մտավ մի սենյակ,