Այս էջը սրբագրված չէ

պառկած էր նրա զավակը՝ փոքրիկ Պետրոսը։ Աբեղան առանց մոր վրա մի առանձին ուշադրություն դարձնելու, վեր առեց ճրագը, լռությամբ մոտեցավ քնած մանուկին և խորին զգացմունքով սկսեց նայել նրա վրա։ Երիտասարդ վանականի սիրտը բաբախում էր, նրա ամուր ծնկները դողդողում էին, և փոքր էր մնում, որ ճրագը նրա ձեռքից պիտի վայր ընկներ, գեղեցիկ երեխային տեսնելու ժամանակ։ Այդ միջոցին երեխան իր փոքրիկ թաթիկը բարձրացնելով, շարժեց երեսի վրա, կարծես թե, այնտեղից մի ճանճ էր քշում։ Այդ գործողությունը այնքան սրտաշարժ էր, որ աբեղան այլևս իրան պահել չկարողացավ, խոնարհվեցավ քնած երեխայի վրա, և բռնելով նրա թաթիկը, սեղմեց իր շրթունքին։ «Որքա՛ն նման է․․․», այդ միտքը անցավ նրա վրդովմունքով լի սրտից։

Երեխայի մայրը անշարժ կանգնած էր հեռու, որպես մի քարացած արձան։ Նրա գունատված, անհանգիստ դեմքը կրում էր իր վրա ամոթի և խղճահարության բոլոր նշանները։ Երբ աբեղան, ճրագը մի կողմ դնելով, նստեց փոքրիկ մանուկի անկողնի մոտ, երեխայի մայրը արտասուքը աչքերում մոտեցավ, և չոքելով աբեղայի առջև, նրա աջև բռնեց իր սառն ափի մեջ, ասաց դողդոջուն ձայնով․

— Դու ինձ հետ չես խոսում, երևում է, դեռ չես ներել ինձ, դեռ առաջվա նման բարկացած ես ինձ վրա։ Խորեն, նայիր, ով է խոսում քեզ հետ, — այն կինը, որին մի ժամանակ սիրում էիր դու, որին հետո ատեցիր։ Քո առջև չոքած է նա, այն թշվառը, որ նույնպես սիրում էր քեզ, երբ մի մաքուր և անարատ աղջիկ էր։ Քո առջև չոքած է նա, որպես մի հանցավոր, որ ոչինչով չէ կարող քավել իր մեղքը, եթե դու չներես նրան։ Խորեն, ես դավաճանեցի քեզ, ես ձգեցի քեզ և իմ սերը տվեցի օտարին, որը հետո իմ անբախտ ամուսինը դարձավ։ Այո՜, անբախտ, որովհետև ես նրան գերեզման ուղարկեցի, որ ավելի ազատ լինեմ, որ ավելի անարգել կերպով կարողանամ մի տղամարդի գրկից մյուսի գիրկը ընկնել։ Ես հասա իմ նպատակին։ Ինձ այնուհետև ոչինչ չէր արգելում, ոչ ամոթը, ոչ ամուսինը և ոչ էլ հասարակաց կարծիքը։ Անառակությունը իմ մեջ այն աստիճան զորացել էր, որ ոչինչ զսպել չէր կարող ինձ։ Աղի ջուր խմող մարդու նման, որքան խմում էի, այնքան ավելի սաստկանում էր ծարավս։ Ես ընկա, օրըստօրե ընկա, որքան կարող էր ընկնել մի թեթևամիտ, հիմար կին։ Ես այժմ անարժան եմ քեզ․ իմ հպավորությունն անգամ կարող է պղծել քեզ։ Ես ամենևին չեմ պահանջում վերադարձնել ինձ այն քնքուշ