էին իրանց ձեռքի տակ գլխավոր ուժը, որ բաղկացած էր երկու հազար հետևակներից և երեք հարյուր ձիավորներից։
Մինչև բերդը հասնելը, զանազան կետերի վրա, թյուրքերը ամրացրել էին մի քանի դիրքեր, որ թույլ չտան թշնամուն մոտենալ և պաշարել բերդը։
Այդ դիրքերից մեկը գտնվում էր դեպի բերդը տանող նեղ ճանապարհի վրա և բոլորից ամուրն էր։ Երկու լայնանիստ բլուրներ, երկու հսկայական սյուների նման, բռնել էին նեղ ճանապարհի աջ և ձախ կողմերը, թողնելով իրանց մեջտեղում մի նեղ և երկայն կիրճ։ Այդ կիրճից պետք է անցներ Բեկի զորքը, բերդին մոտենալու համար։
Բայինդուր իշխանը, առաջապահ խումբերից մեկի հրամանատարը, դիմում էր ուղիղ դեպի կիրճը։ Նրա հետ էր հալիձորցի Մելիք-Փարսադանը։ Երբ մոտեցան, նա դարձավ դեպի մելիքը, ասելով․
— Լսիր, մելիք, այսօր պարսից թագավորի «բաթման ղլիճը» այդ անպիտանների գլխին մի խաղ պիտի խաղա։
— Ի՞նչ խաղ, — հարցրեց մելիքը ժպտալով։
— Մի այնպիսի խաղ, որ իրանց կյանքում տեսած չլինեն, — պատասխանեց պարսից թագավորի «բաթման ղլիճը» իր սովորական եղանակով։ — Անպիտանները վատ տեղ են բռնել, եթե այդ նեղ կիրճի մեջ մտնելու լինենք, մեզ կխեղդեն, իսկ եթե նրանց գտնված բարձրության վրա գնանք, վերևից մեզ լավ կքոթկեն։ — Պետք է մի հնար գործ դնել, որ նրանք բլուրների գագաթից ցած իջնեին։ Ներքևում ավելի հեշտ կլիներ նրանց ջարդել։
— Ի՞նչ հնարքով կարելի է ցած բերել, — հարցրեց մելիքը։
— Ահա ինչ հնարքով․ դրանք հավի խելք ունեն, «քի՛շ» անես, կփախչեն, «ջու-ջու» անես, կմոտենան։ Հարկավոր է սկզբում մի թեթև հարձակում գործել․ երբ նրանք կընդդիմանան, պետք է կամաց-կամաց խույս տալ և ապա փախուստ ձևացնել։ Այդ ժամանակ նրանք մեր ետևից ընկնելու համար կիջնեն իրանց բարձրություններից, և տափարակի վրա մենք նրանց «հոգվոցը» կկարդանք․․․
— Փորձենք․․․ — ասաց մելիքը, և Բայինդուր իշխանի հետ իրանց ձեռքի տակ եղած խումբը երկու մաս բաժանելով, երկու կողմից սկսեցին դիմել դեպի կիրճի աջ և ձախ կողմերում գտնված բարձրությունները, որ ծածկված էին թյուրք հրացանակիրներով։
Զուռնայի և դավուլի ձայնը տվեց հարձակման առաջին նշանը։ Չնայելով, որ հայ զինվորներին հրամայված էր ձևի համար