մեջ պիտի տիրեր խավարը։ Այդ ձայնը, կարծես, շտապեցրեց աղախնին կատարել իր դիտավորությունը, որի համար նրա քաջությունը պակասում էր։ Նա ձեռքը դողդողալով տարավ դեպի հիվանդի պարանոցը, բռնեց նրա կոկորդից և բթամատով ու ցուցամատով այնպես պինդ սեղմեց ուռուցքը, որ երեխան թփրտաց, դողդողաց, խռխռաց և ապա սկսեց սաստիկ ճիչ բարձրացնել։
Այդ միջոցին աղախինը զարմանալի արագությամբ վեր թռավ, ոտքով զարկեց ճրագին ցած գցեց, ճրագը հանգավ, իսկ ինքը խավարի միջից դուրս պրծավ բարձր ձայնով գոչելով․ «Խեղդվեցա՛վ, խեղդվեցա՛վ, օգնեցե՛ք, խեղդվեցա՛վ․․․»։
Նա վազեց դեպի տիկնոջ սենյակը, իր ոտքերի տակ կոխ տալով, տրորելով պառկած ներքինուն, որը սարսափելով զարթնեց, և չկարողանալով իսկույն հասկանալ պատահածը, իր սոսկալի շփոթության մեջ կարծում էր, թե ահա թշնամիները ներս թափվեցին ամրոցի մեջ, սկսել են բոլորին կոտորել։ — «Օգնեցե՛ք․․․ օգնեցե՛ք»․․․ — սկսեց աղաղակել նա, դուրս վազելով դեպի կանանոցի բակը։
Ոչ սակավ եղավ և աղախնի զարհուրանքը, երբ նա մտավ տիկնոջ սենյակը։ Տեսնելով նրան գունաթափ, դիակի նման ընկած հատակի վրա, — տեսնելով այնտեղ սփռված գոհարները, սենյակի անկարգությունը, փշրված արկղիկը, — նա կարծեց, թե հենց նույն րոպեում այնտեղից փախավ ավազակը, որը իր տիկնոջը սպանելով, կողոպտել էր նրա սենյակը։
Բայց նա այնքան սրտի և մտքի ամրություն ուներ, որ բոլորովին չշվարվեցավ։ Մանավանդ, երբ նայեց լուսամուտներին, գտավ նրանց ամբողջությամբ իրանց տեղում փակված։ Իսկույն մտաբերեց, թե ինքն էր, որ ներքինուն կոխ տալով, անցավ նրա վրայից և բաց արավ դուռը։ Ուրեմն ոչ մի տեղից ավազակ մտնել չէր կարող։ Նա զգաց իր սխալը և շտապեց իր ձեռնարկությանը մի այլ կերպարանք տալ։
Առանց մի վայրկյան կորցնելու, տիկնոջը նույն դրության մեջ թողնելով, նա դուրս վազեց կանանոցի բակը, որ թույլ չտա հիմար ներքինուն շատ աղմուկ բարձրացնել։
— Ասադ, Ասադ, — ձայն տվեց նրան մոտենալով, — ի՞նչ ես խելքդ կորցրել, այստեղ մեր տիկինը մեռնում է, այնտես նրա երեխան խեղդվում էր, իսկ դու բակում կանգնած, աղաղակներ ես բարձրացնում։ Գնանք, գնանք շուտով։