Այս էջը սրբագրված չէ

Խանը գունաթափվեցավ։

— Քեզ ո՞վ ասաց, — հարցրեց նա վրդովվելով։

— Նրանք, որ դիակը տեսել էին դեպի Բարգյուշատ տանող ճանապարհի վրա, Չավնդուր գետի ափի մոտ, — պատասխանեց վեզիրը հանդարտությամբ, և ավելացրեց․ — եթե մեր նամակը հասած ևս լիներ Ֆաթալի խանի ձեռքը, դարձյալ նա մեզ օգնել չէր կարող, որովհետև նա այժմ իր կաշուցն է վախենում, ամրացնում է իր բերդը Գավդադըղ ավանի մոտ։ Բեկի հաջողությունները ամենի վրա սարսափ է գցել։

Խանը մի փոքր մտածելուց հետո ասաց․

— Մեզ օգնության կհասնի Լեհվազի խանը՝ Սեֆի-Կուլին․ մենք նրա մոտ ևս դեսպան ենք ուղարկել։

— Սեֆի-Կուլին այժմ թողել է Լեհվազը և փախել է Ալանգազի լեռների վրա։ Կալերցի Պապ զորապետը, որը Դավիթ բեկի քաջերից մեկն է, չարաչար կերպով հալածում է Սեֆի-Կուլիին։

— Մեզ օգնության կհասնի աստված, հասկանո՞ւմ ես, Մուհամմեդի և Ալիի աստվածը, նա, որ մի բուռն մուսուլմաններով տարածեց իսլամի տիրապետությունը ամբողջ աշխարհի վրա։

— Աստուծո օգնությանը ապավինելը մենք պարտավոր ենք, բայց պետք է մտածել, որ մեր թշնամիներն էլ աստված ունեն։

— Նրանց առաջնորդում է սատանան, իսկ ճշմարիտ աստվածը երեսը դարձնում է անհավատներից։

— Երբեմն սատանան ավելի գործ է կատարում, ինչպես այսօր։ Մեր առաջապահ զորքերը բոլորը ջարդվեցան։

— Դրանով աստված կամեցավ մի փոքրիկ խրատ տալ մեզ։

— Ինչո՞ւ չեք ասում՝ մի մեծ խրատ։

Տհաճության մռայլը դարձյալ անցավ խանի սարսափելի դեմքի վրա, և նա զայրացած կերպով պատասխանեց․

— Վեզիր, դու միշտ սովորություն ունեիր խրախուսել, սիրտ տալ ինձ, իսկ այսօր ի՞նչ է պատահել քեզ հետ․ քո բոլոր խոսքերը հուսահատական են։

— Այսօր ես ցանկություն չունեմ ձեզ շողոքորթելու․ եթե խոսում եմ ճշմարտությունը, այդ առաջ է գալիս իմ դեպի ձեզ ունեցած հավատարմությունից։

— Այդ հավատարմություն չէ, վեզիր, դու ցանկանում ես անպատվությամբ արատավորել իմ սուրը, — ասաց նա բավական զգացված կերպով։ — Լսի՜ր իմ վերջին խոսքը․ առանց աստուծո կամքի ոչինչ չէ կատարվում․ եթե հասել է իմ իշխանության վախճանը,