Այս էջը սրբագրված չէ

Սևանա լիճը։ Գյուլ-բերդի Ղազար զորավարի արշավանքները տարածվում են մինչև Կուր և Երասխ գետերի խառնվելու տեղը։ Շիրվանաձորի Սարգիս զորավարը տակնուվրա է անում ամբողջ Աղաջրանի վիճակը։ Ջուղայեցի Մաղա-մելիքի երկու որդիները՝ Աշոտ և Սմբատ, բոլորովին կտրել են Պարսկաստանից դեպի Նախիջևան և Երևան տանող ճանապարհը, ասպատակում են Երնջակի կողմերի թյուրքաց գյուղերը։ Մեղրեցի մելիք Կոնստանդինը մինչև անգամ համարձակվում է անցնել Երասխը և ավերել Քյուրդաշտի ամրությունները։ Տաթևացի Կիջի յուզբաշին՝ Այտի, Եսայի, տիրացու Սիմեոն տանուտերների հետ՝ ամայի են դարձնում Մուղավուզը և վերին Սիսիանը։ Շընհերի Մինաս և Ստեփան տանուտերները հանգստություն չեն տալիս Զանգեզուրի ամբողջ վիճակին։

— Հիմա կասեմ, թե ի՞նչ են անում այդ բարբարոսները, — առաջ տարավ ծերունի վեզիրը․ — կոտորում են անողորմ կերպով, առանց խտրություն դնելու սեռի և հասակի։ Կնիկների փորերը պատռում են, և տղաներին դուրս հանելով, ցցում են իրանց նիզակների ծայրին։ Ծերունու ալիքը ներկում են իրա արյունով։ Գենվազի գավառում ոչնչացրել են՝ Վահրավարա, Բաղաքար, Գոմերանց, Թոս, Թաղաբեր, Աքիս (Ապկես), Ջվար, Լիճք թյուրքաբնակ գյուղերը։ Լեհվազի ձորի բոլոր թյուրք բնակիչները ոչնչացրած են․ մի փոքրիկ մասը միայն փախել է դեպի Օրդվար։ Ղափանի գավառում բնաջինջ են արել Կաց և Քիո գյուղերը։ Բարգյուշատի գավառում բնաջինջ են արել Չափնիսը։ Սիսիանի կողմերում բնաջինջ են արել Քուրթլար ավանը և Աջբեջը։ Իսկ այդ բոլորը դեռ գործի սկիզբն է։

— Ամեն տեղ, ինչ որ գտնում են, հափշտկում են։ Չավնդուրի Խուստուփ կոչված լեռների վրայից Թորոս իշխանը թալանել է տվել Ֆաթալի խանի 2000 ոչխարները, սպանել են նրա 12 հովիվներին։ Մխիթար սպարապետը և տեր Ավետիքը, Ղազան-Գոլլու կոչված լեռների վրա, կոտորել են թուրքմենների մի քանի խաշնարած ցեղեր, թալանել են նրանցից 6300 ոչխար և 430 այլ անասուններ։ Կազբելլու լեռների վրա նրանք զարկեցին թուրքմենների մի այլ ցեղ և թալանեցին 900 անասուններ։ Ալանգազի լեռների վրայից թալանել են Կաց ավանի Միրզա-Սայիլ իշխանի գեղեցիկ նժույգների երամակը։

Բացի խոշոր, պատերազմող գունդերից, Բեկի մանր, ավազակային խումբերը, ցրված զանազան տեղերում, սարսափելի հափշտակություններ են գործում։ Կղճավանի անտառներում բույն է