Այս էջը սրբագրված չէ

ձեռք էի բերել թշնամու գործողությունների վերաբերությամբ։ Այժմ մնում է ինձ բացատրել մեր պաշարած բերդի դրությունը։ Ձեզ հայտնի է, որ երեք ճանապարհով միայն կարելի է մոտենալ մեր բերդին․ առաջինը Գեղվա գետի ձորամիջով, իսկ երկրորդը և երրորդը՝ Հալիձորի գետի ստորին և վերին կողմերից։ — Այդ երեք ճանապարհները բռնված են թշնամու զորքերով։ Բայինդուր իշխանը, Մելիք-Փարսադանը և Ավթանդիլ գնդապետը բռնել են Գենվա գետի անցքը։ Մխիթար սպարապետը բռնել է Հալիձորի գետի վերին անցքը։ Իսկ Դավիթ բեկը և Ներսես եպիսկոպոսը բռնել են Հալիձորի գետի ներքին անցքը։ Մենք գտնվում ենք քարե արկղի մեջ․ ոչ մի կողմից փախուստի ճանապարհ չունենք։

Վեզիրը վերջացրեց իր զեկուցումները։ Խանը կամ բոլորովին չէր լսում, կամ եթե լսում էր՝ դժվարանում էր հավատալ իր ականջներին։ Նա երևակայել չէր կարող, որ հայը, իր կարծիքով, ստոր, անարգ և երկչոտ հայը, կարող էր այն հրաշքները գործել, ինչ որ պատմում էր «ցնդած» վեզիրը։ Վեզիրի խոսքերը փոխանակ մեղմացնելու, ավելի խստացրին նրա համառությունը։ Նա ասաց․

— Եթե երկինքն էլ փուլ գալու լինի իմ վրա, եթե դժոխքի բոլոր ոգիները իրանց զենքերը իմ դեմ դարձնելու լինեն, ես դարձյալ անձնատուր չեմ լինի։

— Բոլորովին հավատում եմ, — պատասխանեց վեզիրը սառնությամբ․ — դուք անձնատուր չեք լինի։ Բայց առավոտյան, երբ թշնամին կկատարե հենց առաջին հարձակումը, ձեր զորապետները իրանց ձեռքով կբաց անեն բերդի դռները թշնամու առջև։

— Երբ որ իմ զորապետները այս աստիճան ցած կլինեն, ինձ կմնա այնուհետև մի բան անել․ — այդ ամրոցը կթռչի օդի մեջ․․․ Ես թույլ չեմ տա, որ իմ կնիկները, իմ զավակները ընկնեն անհավատների ձեռքը։

Վեզիրը ոչինչ չպատասխանեց։ Նա գիտեր, որ ամրոցի ներքնահարկում դրած էին հարյուրավոր տոպրակներ, լցրած վառոդով։ Մի փոքրիկ կայծ բավական էր, որ կատարվեր խանի բաղձանքը։

Խանը վեր կացավ․ վեր կացավ և վեզիրը։ Նրա դեմքը սաստիկ զայրացած էր․ բայց զսպելով իր խորին վրդովմունքը, մի առանձին անսովոր մեղմությամբ դարձավ դեպի վեզիրը, ասելով․

— Ես ձեզանից մի բան եմ խնդրում, վեզիր, թույլ տվեցեք ինձ կարգադրել գործը այնպես, որպես ինքս ցանկանում եմ։ Ձեր կարծիքը, ձեր համոզմունքը ձեզ համար պահեցեք։ Ես ձեզանից