ծայրերից երկու նեղ փապարներ միայն կարող էին տանել դեպի սնդուկի ներսը, այսինքն դեպի քաղաքը։ Այդ նեղ փապարներից մեկը, ինչպես տեսանք, ամրացրած էր երկու բերդերով՝ Աչտղու-բերդով և Հալիձորի բերդով։ Երկուսն էլ կանգնած էին միմյանց հանդեպ, լեռնային բարձրավանդակների վրա։ Քաղաքի մյուս ծայրերի անցքը նույնպես ամրացրած էր երկու բերդերով․ մինը կոչվում էր Բաղակա-քար, մյուսը՝ Շլորուտ։ Այդ երկու բերդերը նույնպես կանգնած էին մինը մյուսի հանդեպ, մեջտեղից թողնելով նեղ փապարը, որտեղից միայն կարելի էր մտնել քաղաքը։ Այստեղ էր իսկական Կապանը, — այն վիթխարի փականքը, որ արգելում էր թշնամու մուտքը[1]։
Բաղակա-քա՛ր, խիստ հեշտ արտասանելի բառեր են։ Բայց նա բնության հրեշավոր ստեղծագործություններից մեկն է․ — մի ամեհի, սեպացած, միապաղաղ քար ձորի խորքից վեր է բարձրացել դեպի երկինքը, և իր հպարտ գլխի վրա, որպես մի գեղեցիկ պսակ, դրել է Բաղակ իշխանի ահռելի ամրոցը, զարդարած բարձր աշտարակներոն և անքակտելի պարիսպներով։
Այստեղ սարսափելի Անդոկ իշխանը, Բաղակի տոհմի հսկա ներկայացուցիչներից մեկը, բերեց պարսից Շապուհ թագավորի գանձերը։ Այստեղ նա վայելում էր Տիսբոնի հարուստ ավարը, երբ հաղթությամբ վերադարձավ սասանյանների աշխարհից։ Այդ սոսկալի բերդի ապառաժներին զարկվելով, փշրվեցավ պարսից ահագին գունդերը։
Բայց ի՞նչ էր տեսնում այնտեղ այժմ Դավիթ բեկը։ Բաղակաքարի բարձր աշտարակները և հզոր պարիսպները դեռ մնացել էին։ Դարերով պատերազմելով ժամանակի և թշնամու բարբարոս ձեռքերի հետ, այդ ամրությունները դեռ պահպանել էին իրանց վաղեմի վեհությունը։ Բայց նրանց բերանից լսում էր Բեկը մի խուլ բողոք, մի դառն նախատինք դեպի հսկա նախորդների թզուկ հաջորդները։ «Մենք, ասում էին այդ ավերակները, շատ անգամ պահեցինք ձեզ, շատ անգամ պահպանեցինք թշնամու հարվածներից, իսկ դուք այնքան թույլ գտնվեցաք, որ մեզ պահել չկարողացաք․․․»։
- ↑ Հիշյալ բերդերի ավերակները և մինչև այսօր սարսափ են գցում ճանապարհորդի վրա․ նրանց լիակատար նկարագրությունը լույս կտեսնի մեր սյունյաց աշխարհի ուղեգրությունների մեջ։