ստիպեցնե իր տիկնոջը անմիջապես կոչել տալ Սառային որպես բժիշկ։ Պատմեց Փարիշանի միայնակ գալը Սառայի տունը և նրան իր հետ տանելը խանի ամրոցը։
— Դուք այստե՞ղ էիք, երբ Փարիշանը եկավ, — կտրեց իշխանը Խորեն հայր սուրբի պատմությունը։
— Այստեղ էի․ ես որոշեցի թե Սառայի և թե Փարիշանի դերերը, թե յուրաքանչյուրը ինչպես պիտի գործե։
— Ինչպե՞ս պիտի գործեն, — հարցրեց իշխանը։
— Փարիշան կկատարե այն, ինչ որ մենք մեր մեջ վճռեցինք․․․ Իսկ Սառան կբերե ինձ զենքի պահեստի բանալիները։
— Նրանք գիտե՞ն մեր պայմանները։
— Գիտեն։ Գործողությունները կկատարվեն ճիշտ այն րոպեում, երբ կտեսնեն բերդից օդի մեջ բարձրացած ֆշանքը։
— Շատ գեղեցիկ, — ասաց իշխանը և միևնույն ժամանակ նրա սառն դեմքի վրա երևաց մի տեսակ ինքնաբավական ցնծություն։ — Մենք էլ այսպես իմացում տվեցինք Բեկին, — ասաց նա, վեր կենալով տեղից։
— Ի՞նչ միջոցով, — հարցրեց հայր սուրբը զարմանալով։
— Տեր Ավետիքը տոմսակ գրեց։
— Տոմսա՞կ, ո՞վ տարավ։
— Մի երիտասարդ, ականի միջով։
— Ականը արդեն պատրա՞ստ է։
— Պատրաստ է։ Ավելի քան հիսուն հոգի աշխատում էին նրա վրա։
Իշխանը ավելի պինդ կերպով փաթաթվելով իր վերարկուի մեջ, ահագին մորթե գտակը քարշեց աչքերի վրա, և իր քայլերը ուղղեց դեպի բակի դուռը։
— Մենք այլևս չե՞նք տեսնվի, — հարցրեց հայր սուրբը նրան ճանապարհ դնելու ժամանակ։
— Տեսնվելու հարկ չկա, — պատասխանեց նա շտապելով․ — մեզանից ամեն մեկը գիտե, թե ինչ պիտի անե։ Ես այժմ գնում եմ տեր Ավետիքի մոտ՝ հաղորդելու նրան ձեզանից ստացած տեղեկությունները, իսկ դուք կսպասեք այստեղ մինչև Սառայի վերադարձը։
— Տեր Ավետիքը այժմ ո՞րտեղ է։
— Յուզբաշի Սարգսի տանը․ այնտեղ մարդիկ է պատրաստում․․․
Յուզբաշի Սարգիսը բերդի մեջ բնակվող հայերի տանուտերն էր։