Երևում էր, Սառան շատ վազվզել էր․ նրա ձայնը սաստիկ շնչառությունից կտրատվում էր։
— Մեր կտուրի վրայով եկա, — ասաց նա․ — այնտեղից ճանապարհ կա։ Առաջ մտա մեր հարևանի տունը, երեխաս տեսնելու․ նրանց մոտ պահ էի տված։ Խե՛ղճ տղա, ինչպես հանգիստ քնած էր։ Նա չգիտե, թե քանի րոպեից հետո ինչե՞ր կպատահեն․․․ Չուզեցի զարթեցնել, թողեցի այնպես քնած։ Հետո շտապեցի այստեղ, գիտեի, որ դու ինձ սպասելիս կլինես։
Արագ շարժումը մի կողմից, ուրախությունը մյուս կողմից, տվել էին տիկնոջ դեմքին խիստ զվարթ պայծառություն։ Նա մի առանձին քնքշությամբ բանալիները մեկնեց դեպի հայր սուրբը, ասելով․
— Ա՜ռ, ինչ որ ցանկանում էիր։
Հայր սուրբը ընդունեց բանալիները, հարցնելով․
— Ինչո՞վ կարող եմ վարձատրել քեզ։
— Նրանով, որ դու թույլ տաս ինձ ասել՝ գրկի՜ր ինձ։ — Այդ ասելու իրավունքը ինձ համար մեծ վարձատրություն է։ Մեր հին, դժբախտ անցքերից հետո ես կորցրել էի այդ իրավունքը, իսկ այժմ, կրկին արժանացրու քո սերին։
Վերջին խոսքերը արտասանելու միջոցին գեղեցիկ կնոջ աչքերում երևացին արտասուքի կաթիլներ։ Այդ սրտաշարժ խոստովանությունը աբեղային մոռանալ տվեց բոլոր անցյալը․․․ Նա գրկեց նրան, սկսեց ջերմ կերպով համբուրել։
— Ես մոռանում եմ, Սառա, մոռանում եմ բոլորը, թե որքան ցավ, որքան դառնություն պատճառեցիր ինձ քո անհավատարիմ վարմունքով։ Ոչինչ ապաշխարություն չէր կարող քավել այդ հանցանքը․ ոչինչ սպեղանի չէր կարող բժշկել իմ սրտի վերքը, իսկ այս գիշեր բոլորը անցավ։ Դու ապացուցիր, որ արժանի ես սիրվելու, և ես իմ հոգու բոլոր զորությամբ կսիրեմ քեզ։
Տիկինը ոչինչ չպատասխանեց։ Սաստիկ ուրախությունը և սաստիկ երկյուղը միօրինակ կապում են մարդու լեզուն։ Նա բավական էր, որ կրկին գտնվում է իր մի ժամանակ սիրած տղամարդի գրկում․ դրանով բախտավոր էր, դրանով երջանիկ էր համարում իրան։
— Հիմա դառնանք դեպի գործը, — ասաց երիտասարդը․ — դրանք ո՞ր դռների բանալիներն են։
— Այդ մեկը դրսի դռան բանալին է, որ տանում է դեպի մի փոքրիկ քառակուսի բակ, որի յուրաքանչյուր անկյունում գտնվում