խնդրում է, որ Փարիշանը հետ քաշե երեսի քողը և մի կողմ գցե իր չադրան, որ ինքը կարողանա կուշտ կերպով նայել նրա մարմնի սիրուն կազմվածքի վրա։ Պետք է գիտենալ, որ պարսիկ կնիկները իրանց չադրան վեր առնելուց հետո, ներկայանում են համարյա կիսամերկ դրության մեջ։ Ներքին հագուստները խիստ կարճ են․ կուրծքը, ուսերը, սրունքները, բազուկները մնում են բոլորովին բաց։
— Նայիր, — ասում է Փարիշանը, մի կողմ գցելով թե չադրան և թե երեսի քողը․ — որքան կամենում ես նայիր։
Ծերունին, բոլորովին հիացած իր տեսածից, ավելի հեռուն է գնում, կամենում է գրկել, համբուրել նրան։
— Այդ անկարելի է, Ասկար ամի, — ասում է Փարիշանը․ — այդ թող չեմ տա։ Այն էլ բավական էր, որքան նայեցիր իմ վրա։
Փարիշանը ձեռքով հրում է, մի կողմ է ձգում ծերունուն, իսկ ինքը սկսում է աչք ածել սենյակի շուրջը, ձևացնելով, թե շատ հետաքրքրվում է այնտեղ գտնված առարկաներով։ Ծերունին չէ զրկում նրան այդ զվարճությունից։ Սենյակի մի ճակատի վրա, որի մոտ նրա անկողինն էր դրած, պատի մեջ ցցած մեխերից քարշ էին ընկած դռնապանների գլխավորի բազմաթիվ բանալիները։ Այդ բանալիները նա գիշերը քարշ էր տալիս մեխերից, իսկ ցերեկը քարշ էր տալիս իր գոտիից, հպարտությամբ ման էր գալիս ամրոցում, իր նշանավոր պաշտոնը ցույց տալու համար։ Փարիշանի աչքերը կանգնում են պատից քարշ ընկած բանալիների վրա։
— Այդ ո՜րքան բանալիներ ունես, Ասկար ամի, — ասում է նրան, կրկին մի քաղցր ժպիտ գործելով իր սիրուն դեմքի վրա։
— Ապա, ի՞նչ ես կարծում, այդ ամբողջ ամրոցը իմ ձեռքումն է, — պատասխանում է Ասկար ամին պարծենալով։ — Կամենամ կփակեմ, կամենամ կբաց անեմ։
— Թույլ տուր տեսնեմ, Ասկար ամի, ես կարո՞ղ եմ գիտենալ, թե ո՜ր բանալին որ դռանն է պատկանում, — ասում է Փարիշանը։
— Չես կարող, — պատասխանում է Ասկար ամին։
— Կարող եմ, ասում է Փարիշանը․ — ե՜կ գրազ գանք։
— Ինչո՞վ, — հարցնում է Ասկար ամին։
— Ինչով որ դու կամենաս, — պատասխանում է Փարիշանը։
— Եթե դու իմացար, — ասում է Ասկար ամին, — թե ո՜ր բանալին ո՜ր դռանն է պատկանում, ես կտամ քեզ տասը հատ ոսկի․ իսկ եթե չիմացար, դու պիտի տաս ինձ մի զույգ համբույր։