Այս էջը սրբագրված չէ


— Չէ, Ասկար ամի, ես հոգի ունեմ աստծուն տալու, դու տարել ես, ես ջղալություն[1] չեմ անի․ քեզ համար պահիր ոսկիներդ, ես կտամ, ինչ որ խոստացել եմ։ Եվ մանկահասակ կինը իր գեղեցիկ երեսը դեմ է անում ծերունու ցամաքած շրթունքին։

Ասկար ամին ուրախացած այդ անսպառ երջանկությունով, ամենևին չէ նկատում իր սենյակում կատարված գողությունը։ Փարիշանը առանց երկար ժամանակ կորցնելու հեռանում է, խոստանալով շուտ-շուտ այցելել նրան․․․

Երիտասարդ աբեղան, որ ուշադրությամբ լսում էր Սառայի պատմությունը, մի առանձին ոգևորությամբ բացականչեց․

— Սքանչելի՛ սեր, դարձյալ դու ես դեր խաղում կնոջ, քո ընդունակ ավանդապահի ձեռքով․․․

— Ապա, այդպես է սերը, — ասաց Սառան փաթաթվելով նրա պարանոցին։

— Բոլորը հասկացա, — ասաց աբեղան․ — այժմ կարող ենք գնալ։

Նրանք հանգցրին ներքնատան մեջ վառվող ճրագը, և բակի դռները փակելով, հեռացան։ Խավար, ոլոր-մոլոր փողոցներում դեռ ամբոխի հուզմունքը դադարած չէր։ Ամբողջ բերդը գտնվում էր սոսկալի մոլեգնության մեջ։ Տիկինը իր երիտասարդ ուղեկցի հետ խառնվեցան խռովված բազմության մեջ։

ԺԹ

Չնայելով Զեվու բերդի երեք անցքերը փակված էին հայոց զորքերով, բայց այդ անցքերից մուտք գործելը սարսափելի դժվարություններ ուներ։ Բավական էր, որ թյուրքերը կանգնեցնեին յուրաքանչյուր անցքի վրա հիսուն հրացանավորներ, այնուհետև ոչ մի հայ զինվոր չէր կարող մուտք գործել բերդի մեջ։ Այդ հասկանում էր բերդակալ խանը, և այդ էր նրա համառության գխավոր պատճառը։ Նա աներևակայելի էր համարում, որ թշնամին կարողանար գրավել իր անմատչելի ամրությունները։ Այդ հասկանում էր և Բեկը, չէր ցանկանում իր կողմից մեծ կորուստով ձեռք բերել նրա ամրությունները։ Նա աշխատում էր իր զինվորների արյունը փոխարինել

  1. Ջղալություն անել նշանակում է խաղի մեջ խարդախություն գործել։