Մի՜ մոռացեք ածխավաճառների հրապարակը և մտքներումդ պահեցեք ձեզ հայտնած նշանները հրդեհը և ֆշանքը։ Դարձյալ ասում եմ ձեզ՝ աշխատեցեք աղմուկ չբարձրացնել, աշխատեցեք, որքան կարելի է, ձեր հագուստով նմանվել թյուրքերին։
Նրանցից մեկը ասաց․
— Ձեր օծյալ աջով երդվում ենք, տեր հայր, որ կկատարենք ձեր բոլոր խրատները, և քանի որ մեր բերանում շունչ կա, թույլ չենք տա, որ մեր աչքերի առջև մեր կնիկները, մեր զավակները հափշտակեն, և մեր գլուխները թնդանոթի գնդակի տեղ գործ ածեն։
— Օրհնյալ լինիք, զավակներս, մեր տեր Հիսուս Քրիստոսին եմ հանձնում ձեզ․ գնացեք, զավակներս․ մեր սուրբ Գրիգոր լուսավորիչ պապը թող ձեզ ուժ և զորություն շնորհեսցե։
Նրանք մոտեցան մեկ-մեկ համբուրեցին քահանայի աջը և հեռացան։
Այդ միջոցին ծերունի Սարգիսն էլ վեր առեց իր մահակը, որ գավազանի տեղ էր գործ ածում, կոթնեցավ նրա վրա, դողդողալով պատրաստվում էր դուրս գալ սենյակից։
— Դուք ո՞ւր եք գնում, Սարգիս-ապեր, — հարցրեց քահանան, զարմացական ժպիտով նայելով նրա վրա։
— Գնում եմ, — ասաց նա մի առանձին զգացված եղանակով․ — գնում եմ տեսնեմ ջահիլները ի՞նչ են շինում․․․
— Մի այսպիսի վտանգավոր գիշերում ձեր դուրս գալը լավ չէ, Սարգիս-ապեր, — ասաց նրան քահանան։
— Օրհնած, ինչո՞վ պետք է վատ լինի, այսուհետև ինչ էլ որ ապրում եմ, այդ էլ ավելորդ է․ իմ ոսկորները վաղուց պետք է փտած լինեին։
Նա չսպասեց քահանայի հետևյալ խոսքերին, օրորվելով դուրս եկավ սենյակից, որ տեսնե, թե ջահիլները ինչ են շինում։ Զառամյալ սրտի մեջ եռ էր գալիս երիտասարդական աշխույժը․ ցանկանում էր, եթե իր բազուկներով չէ կարող օգնել գործին, գոնե իր խրախույսներով քաջալերե կռվողներին։ Նա կանչել տվեց ծառային, որ առաջնորդե իրան․ ծառան գիտեր նրա սովորությունները։ Գիշերները ծերունու աչքերը լավ չէին տեսնում․ ծառան բռնեց նրա ձեռքից, սկսեց ման ածել մթին փողոցների մեջ, անդադար զգուշացնելով․ «Այստեղ մի փոս կա, այստեղ մի քար կա» և այլն։
Տեր Ավետիքը մնաց սենյակում միայնակ։ Նա վեր կացավ, իր քահանայական զգեստը հանեց, մի կողմ ձգեց, ասելով․ «Էլ ինձ