Այս էջը սրբագրված չէ

բայց բնավ փոխել չկարողացավ այն դաստիարակությունը, որ ստացել էր իր ծնողների բարեկիրթ ընտանիքում։ Խանի հարեմը լիքն էր ամեն ազգի, ամեն կրոնի կնիկներով․ բայց նրանց և ոչ մեկին այնքան անտանելի չէր հարեմական կյանքի ստրկությունը, որպես զգայուն, անկեղծ Զուբեյիդային։

— Այդ դեռևս ներելի է, Փարիշան, երբ կինը, զանազան հանգամանքներից ստիպված, պարտավորվում է իր սերը վաճառել։ Բայց անտանելին այն է, երբ կինը ստիպված է սեր ցույց տալ, որովհետև վախենում է։ Ոչ մի տեսակ անասունների մեջ այդ չէ լինում․ միայն բռնակալ մարդը կարողանում է այդ անել տալ։ Մենք ևս մի տեսակ հարկատուներ ենք, Փարիշան, եթե չվճարենք պահանջված հարկը, ծեծելով կառնեն։ Բռնակալի անգթությունը տարածվում է և կնոջ առագաստի վրա։ Կո՛ւյր է նա, որ հարեմի մեջ սեր, երջանկություն և բանաստեղծական զվարճություններ է տեսնում․․․

Փարիշանին շատ հաճելի էր լսել իր տիկնոջ դա՜ռն բողոքը։ Ամբողջ հինգ տարի նա կատարել էր մի անբախտ դատավոի պաշտոն․ միշտ լսել էր նրա գանգատները, միշտ տեսել էր նրա աչքերի արտասուքը, բայց ոչինչով չէր կարողացել բուժել նրա վիրավորված սիրտը կամ դարման դնել նրա ցավերին։ Իսկ այդ գիշեր փոքր էր մնում, որ նա բաց աներ իր ծածկամտության փականքը և ուրախալի խոսքերով ավետեր նրա փրկությունը, ասելով․ — «նազելի տիկին, մի քանի ժամ ևս համբերություն ունեցիր, և դու իմ ձեռքով ազատված կլինես․․․»։ Բայց նա չասաց այդ խոսքերը, թողեց նրան անգիտության մեջ, — չասաց, թե ինչ էր կատարվում նրա չորս կողմում, և ինքը ինչ սարսափելի դեր պիտի կատարեր ընդհանուր տագնապի րոպեում, երբ սուրն ու հուրը պիտի մահ տարածեին ամեն տեղ․․․ Նա միայն շտապեցրեց իր տիկնոջը, որ շուտով պատրաստվի, որովհետև խանի նրա մոտ գալու ժամը մոտենում էր։

Նա միայն մխիթարեց վշտացած տիկնոջը, ասելով․

— Հոգս մի անիր, տիրուհի, աստված ողորմած է․ ձմեռվա դառնաշունչ օրերից հետո գալիս են գարնան կենսաբեր օրերը․ գիշերվա խավարին հաջորդում է առավոտյան պայծառ արշալույսը։ Մարդու կյանքի մեջ էլ այսպես օրերի և եղանակների փոփոխություններ են լինում․ լավը հաջորդում է վատին, լույսը հաջորդում է խավարին․․․

Փարիշանը քահանայի աղջիկ էր․ նա թեև կարդալ չէր իմանում,