Այս էջը սրբագրված չէ

սև փոշին։ Հետո դեղտիրը վարպետությամբ տարավ աչքերի երկու կոպերի միջից։ Այդ գործողությունից հետո կոպերի եզերքը ընդունում էին իրանց վրա սև փոշին, և աչքերին այնպիսի արտահայտություն էին տալիս, կարծես թե նրանք նշաձև սև շրջանակի մեջ դրված լինեին։ Բայց աղախինը զարմացավ, երբ նկատեց, որ այդ անգամ սուրման ամենևին չէր բռնում․ աչքերից բխած հեղուկը ողողում էր, տանում էր սև փոշին։ Տիկինը լաց էր լինում։

— Լավ, լավ, — ասաց նա դեղտիրը մի կողմ դնելով, — ձեր աչքերը այնքան սև են, ձեր թեթերունքը այնքան խիտ են, որ սուրմայի կարոտություն չունեն։ Հիմա մնում է ձեզ հագցնել։ Այդ շապիկը պետք է փոխեք․ նա բավական երկար է և թանձր։ Խանը սիրում է կարճ և թափանցիկ շապիկներ, որոնց տակից մարմնի բոլոր գեղեցկությունները երևոմ են։

— Ես ատում եմ այդ խայտառակությունը․․․

— Այդ ուրիշ բան է, որ դուք ատում եք, բայց դուք պետք է հագնեք այն, ինչ որ նրան է դուր գալիս։

Փարիշանը առանձին նպատակ ուներ իր տիկնոջը այս գիշեր ավելի թովիչ, ավելի հրապուրիչ կերպարանքով ներկայացնելու խանին, զբաղեցնել նրան այդ գեղեցիկ արարածով, մոռանալ տալ նրան իր բոլոր հոգսերը, իսկ հետո՛, — հետո ինքը գիտեր, թե ինչ պիտի աներ․․․

Տիկինը չընդդիմացավ․ նա թույլ տվեց, մի անզգա խրձիկի նման, որ աղախինը ինչ որ կամենում է, անե իր հետ։ Նա գիտեր հարեմական կարգերը, որոնց դեմ մեղանչել, բողոքել անհնարին էր։ Պետք էր միայն հնազանդվել։

Աղախինը հագցրեց նրան մի թափանցիկ շապիկ, որ կարված էր մետաքսյա նուրբ կերպասից, բաց-կարմիր գույնով, որի վրա բանված էին հասմիկի մանր, մանիշակագույն ծաղիկներ։ Օձիքը զարդարած էր մարգարիտներով, թևքերի բերանները զարդարած էին ոսկյա փոքրիկ հուլուններով, իսկ ստորին եզերքը շարած էին ոսկյա դրամներով, որոնք ամենաթեթև շարժման միջոցում զնգզնգում էին, ձայներ էին հանում։ Շապիկի ճեղքը, որ իջնում էր ուղղակի երկու ստինքների միջից, տեսանելի էր կացուցանում նրա սպիտակ, լիքը կուրծքը, որի վրա երևում էին արհեստական խալեր։ Շապիկի վրայից հագցրեց երկնագույն թավիշից կարված կարճ չափքանը, որի եզերքը զարդարած էին ոսկեթել բանվածքներով, և որը, սեղմված վայելչահասակ իրանի վրա, երևան էր հանում նրա կազմվածքի բոլոր գեղեցկությունները։ Հետո միմյանց