Այս էջը սրբագրված չէ

մեկն եմ, Զուբեյիդա։ Ճակատագիրը հալածում է ինձ։ Ես վազեցի քեզ մոտ փոքր-ինչ կազդուրվելու, փոքր-ինչ փարատելու իմ սրտի ցավերը։ Ես վազեցի քեզ մոտ ապաստան գտնելու․․․

Տիկինը բոլորովին ապշած էր մնացել։ Նա իր ականջներին չէր հավատում, որ այդ խոսքերը արտասանում է այն խիստ, գոռոզ, վայրենի մարդը, որին կյանքի փափուկ կողմերը ամենևին ծանոթ չէին, որը սովորած էր միայն իշխել, հրամայել և ամեն մի ազնիվ զգացմունք իր ոտքերի տակ ջարդուփշուր անել։ Այժմ այդ ի՜նչ անբնական փոփոխություն էր առաջ եկել նրա մեջ։ Տիկինը հասկանալ չէր կարողանում։ Նա միայն աչքերը խոնարհած, չէր համարձակվում նայել իր տիրոջ երեսին, զարմանում էր նրա խոնարհամտության վրա, տատանվում էր, և իր լեզվի բոլոր պերճախոսությամբ, մի բառ անգամ չէր գտնում նրան պատասխանելու։

— Զուբեյիդա, մի՜ զարմացիր, — ասաց նա ավելի մեղմ ձայնով և, նրա ձեռքը չթողնելով իր ափի միջից։ — Մի՜ զարմացի՜ր, կրկնեց նա, — ինչպես ինձ չէ զարմացնում իմ դրությունը։ Ես այսօր, այս գիշեր միայն հասկացա իմ թշվառությունը, հասկացա, թե ինչ ողորմելի արարած եմ ես։ — Այս գիշեր, երբ թշնամին պատել է իմ շուրջը, երբ մահը կանգնած է իմ գլխի վրա, ես ինձ բոլորովին միայնակ և օգնության կարոտ եմ զգում, չնայելով, որ հազարները սուրը ձեռքում սպասում են իմ հրամանին։ Ասա՜, Զուբեյիդա, այդ ի՞նչ դրություն է։ Ի՞նչու ես ոչ ոքին հավատալ, ոչ ոքի վրա հույս դնել կարող չեմ։ Ինչո՞ւ ես մենակ եմ մնացել։

— Դու միշտ մենակ ես եղել․․․ — պատասխանեց կինը սառն կերպով։ — Ես որ թույլ կտաս ինձ խոսել ճշմարիտը և արդարը, ես կասեմ քեզ բոլորը։

— Խոսի՜ր, մի՜ ծածկիր, ես եկել եմ քեզ լսելու․ քո ամեն մի խոսքը առողջարար բալասանի նման կբուժե իմ սրտի վերքերը։

— Բայց կարող է և նշտարի նման ծակել․․․

— Թող ծակե, թող ավելի ևս վիրավորե։ Բժշկի նշտարը առողջացնելու նպատակ ունի։

Տիկինը հրամայեց Փարիշանին, որ սուրճ մատուցանե, ղեյլան տա, հետո հեռանա։ Աղախինը վեր առեց սուրճի արծաթյա ամանը կրակի վրայից, ածեց գեղեցիկ ֆինջանների մեջ, մոտեցրեց մեկը իր տիրոջը, մյուսը՝ տիկնոջը։ Մինչև նրանց խմելը, նա պատրաստեց անուշահոտ թամբաքուից թանկագին ղեյլանը, դրեց խանի առջև, իսկ ինքը հեռացավ, իր ետևից կողպելով դուռը։ Դուրս գալով