Այս էջը սրբագրված չէ

մթին նախասենյակը, նա կծկվեցավ դռան ետևում, սկսեց ականջ դնել։

— Ես ասացի, թե դու միշտ մենակ ես եղել, — շարունակեց տիկինը ընդհատված խոսակցությունը։ — Որովհետև բռնակալը իր երկրպագուների, իր պաշտողների, իր շողոքորթների անհուն բազմության մեջ դարձյալ միշտ մնում է մենակ։ Նա ընկեր, բարեկամ, սրտակից, մտերիմ, — ոչ ոք չունի։ Նա չէ զգում իր թշվառ միայնակությունը, որովհետև իշխանության փառքը սև մառախուղի նման ծածկում է նրա աչքերից այն, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ ուղիղ է, ինչ որ ավելի օգտավետ է։ Նա ապրում է հարատև խաբեության մեջ և չէ նկատում, որ ամեն ինչ իր չորս կողմում կեղծ է, պատիր է, փտած է։ Նա չէ զգում իր ոչնչությունը, որովհետև երբ հրամայում է, — ամեն ինչ կատարված է, և այդ պահում է նրան մշտական մոլորության մեջ։ Կենդանի միտքը, առողջ դատողությունը անծանոթ է մնում նրան, նրա համար, որ ամեն մի իրավացի ընդդիմադրություն, ամեն մի խելացի հակաճառություն խորտակվում է նրա կոպիտ կամքի առջև։ Նա միշտ այն կարծիքի մեջ է մնում, թե ինչ որ ցանկանում է ինքը, թե ինչ որ հաճո է իրան, — այն է լավը, արժանը, վայելուչը։ Եվ եթե բախտի հաջողությունները այսպիսիներիին փոքր-ինչ շողոքորթում են, այն ժամանակ նրանք ավելի վայրենի են դառնում։ Նրանք կարծում են, թե ամեն ինչ ստեղված է միմիայն իրանց վայելչության համար, և ինչ որ իրանց հաճելի չէ, և ինչ որ չէ ծառայում իրանց, կարող են ոչնչացնել։ Նրանք իրանց միշտ անկարոտ են զգում, որովհետև միշտ սովորած են տեսնել իրանց շուրջը մի կեղծ պատրաստակամություն։ Բայց խոնարհության մեջ անկեղծություն չկա, թեև ամեն ինչ խոնարհվում է նրանց առջև, որովհետև վերևից ճնշում կա։ -Բայց երբ բարձրանում է մի փոթորիկ, երբ հասնում է վտանգը, երբ զարկում է սոսկալի տագնապի րոպեն, այն ժամանակ շողոքորթների, երկրպագուների, կեղծ բարեկամների անհուն բազմությունը սև ուրվականների նման չքանում են, անհետանում են և մեկն էլ չէ մնում, որ բռնե իր պաշտած մարդու ձեռքից։ Այդ բավական չէ․ — նրանք դառնում են ամենասարսափելի թշնամիներ․․․

— Բոլորը ճշմարիտ է․․․ — ասաց խանը, հոգվոց հանելով։ — Ես երբեք բարեկամ չեմ ունեցել, ես միշտ մենակ եմ եղել, թեև շրջապատված անթիվ կեղծավորներով։ Բայց ինձ թող մխիթարե իմ տունը, իմ ընտանիքը, որ ինձ համար օտար չէ, որ ամենից մոտ է ինձ։