Այս էջը սրբագրված չէ

կառուցել էր բռնակալ ձեռքը իր զոհերի արյունով և արտասուքով։ Երկու տարերք գործում էին․ քամին, որպես արդարադատի վրեժխնդրության շունչը, և կրակը, որպես հարստահարված ժողովրդի անեծքի արհատայությունը․․․

Հրդեհը ավելի և ավելի ծավալվում էր, տարածելով իր շուրջը մի սոսկալի լուսավորություն։ Կանանոցի կիսամերկ գեղեցկուհիները, սարսափելով հանկարծակի վտանգից, քնաթաթախ դուրս էին թափվել իրանց օթյակներից։ Այդ թշվառները, մի այլ պատսպարան չգտնելով, հավաքվել էին բակի մեջ, և ոչխարի նման մինը մյուսի կողքին սեղմված, դողդողում էին, լաց էին լինում։ Նրանք մոռացել էին հարեմի փակված կնոջ թե՜ երկյուղը և թե՜ ամոթխածությունը, և դառն հառաչանքներով օգնություն էին աղաղակում։ Նրանց ձայնը գրավեց ներքինապետի ուշադրությունը, որը զայրացած կերպով մոտեցավ, և սպառնական խոսքերով ասաց․

— Քածեր, այդ ի՞նչ աղմուկ է, ինչո՞ւ եք հավաքվել այստեղ, դուք չե՞ք տեսնում, որ մարդիկ են նայում ձեզ վրա։

Կնիկները նկատեցին, որ կտուրների վրա, իրավ որ, բավական մարդիկ էին հավաքված։ Նրանք աշխատում էին քանդել մի կից շինվածք, որ միացնում էր կանանոցը դիվանատան հետ, որպեսզի արգելեն կրակի առաջ խաղալը։ Հարեմական կարգերին ընդդեմ էր, որ այդ մարդիկը տեսնեին խանի գեղեցիկ խանումներին, որոնք հրդեհի ծիրանագույն լուսավորության առջև ներկայացնում էին կենդանի պատկերների մի սքանչելի խումբ, զարհուրած, շվարած ընդհանուր սոսկումից, որպես Պոմպեի և Հերքուլանի կնիկները Էտնայի հրաբխության րոպեներում։

— Չե՞ք լսում, դեռ կանգնա՞ծ եք, — գոռաց ներքինապետը։

— Ո՞ւր գնանք, — եղավ թշվառների պատասխանը։

— Դժո՛խքը և գերեզմա՛նը․․․ եղավ ներքինապետի պատասխանը։ — Մտե՜ք ձեր օթյակները։

— Շուտով կրակը մեր օթյակներին կհասնի, — համարձակվեցավ հակառակել մեկը։

— Երբ որ այրվելու լինիք, այն ժամանակ ձեզ հրաման կտամ դուրս գալու։

Կնիկների խումբը ցրիվ եկավ, ամեն մեկը մտավ իր սենյակը, սարսափով սպասում էր կրակի մոտենալուն։

Ամրոցի բոլոր մուտքերը բաց էին, որ ժողովուրդը կարողանար օգնություն հասցնել։ Միայն կանանոցի դռների մոտ կանգնեցրած էին պահապաններ։ Այստեղ անցուդարձը արգելված էր։