— Դա շատ վատ է․․․ — պատասխանեց ծիրանի մորուքով մարդը և ընկղմվեցավ խորին մտածության մեջ։ Նրա բազմահոգ դեմքից երևում էր, որ խնդիրը խիստ ծանր և կարևոր էր, թե շուտով պիտի ոչնչանային ահագին հույսեր, թե այդ հույսերը կախված էին մի պատանու մահից․․․ որը չհաջողվեցավ․․․․
Այդ փառահեղ մարդը Կարմիր վանքի կամ Երիցվանիկ ավանի մելիք Ֆրանգյուլն էր․ հայոց հարուստ և ազդեցության տեր իշխաններից մեկը։
— Այդ վատ եղավ․․․ — կրկնեց նա փոքր-ինչ վրդովված ձայնով․ — դրանից հետո մեզ ի՞նչ է մնում անել․․․ Ես հույս ունեի, որ Հյուսեինը (դահիճը) կկատարե մեր ցանկությունը․․․ բայց բոլորը ոչնչացավ․․․
Նա սպասում էր Դավթից ստանալ մի մխիթարական պատասխան, բայց այս վերջինը, չնայելով իր սատանայական խորագիտությանը, այն աստիճան շփոթված, այն աստիճան մոլորված էր մտքով, որ չգիտեր, թե ի՞նչ խորհուրդ պետք էր տալ։
Այդ երկու հայ մելիքները հագնված էին բոլորովին պարսից ավագների ձևով․ գլխներին դրած ունեին բուխարայի սև մորթից երկայն գդակներ, հագել էին նուրբ մետաքսից կարմիր գույնով կաբայ (պատմուճան), որ իջնում էր ծնկներից ցած, և նրա վրա կանաչ մահուդից ջյուբբա (վերարկու), որ հասնում էր մինչև գետին։ Մեջքները պնդած էին Քիրմանի գույնզգույն շալից հաստ գոտիով։ Երկուսի էլ գլուխների մազերը բոլորովին ածելած էին, թեև հայերը սովորություն ունեին ածիլել գագաթի մեջտեղը միայն։ Երկուսի էլ մորուքները և ձեռները ներկված էին հինայով։ Երկուսն էլ խոսում էին պարսկերեն, երբ սպասավորը ներս էր մտնում և նրանց ղեյլան էր մատուցանում ծխելու համար։ Բայց երբ նա դուրս էր գնում, սկսում էին հայերեն խոսել, որ հասկանալի չլինի։
— Դեռ հույս կա․․․ — ասաց Դավիթը խորհրդավոր կերպով․ — այսօր Թորոս իշխանը պիտի գա գերիները գնելու․ մենք ամեն հնար պետք է գործ դնենք, որ նա չկարողանա գնել։
— Ի՞նչ հնարք, — հարցրեց մելիք Ֆրանգյուլը, դարձյալ հուսահատ մարդու եղանակով։
— Մենք պետք է աշխատենք համոզել խանին, որ նա նշանակե գերիների համար մի այնպիսի մեծ փրկանք, որ Թորոս իշխանը չկարողանա վճարել։
— Դրանով ի՞նչ կշահենք։