Այս էջը սրբագրված չէ

Նրան ոչ ոք չպատասխանեց, որովհետև ոչ ոք չգիտեր, թե թշնամին որտեղից ներս մտավ։

— Մարդիկ հիմա սկսեցին փախչել կտուրների վրայով, — նկատեց թիկնապահներից մեկը։

— Ինչպե՞ս են բարձրանում կտուրների վրա, — հարցրեց խանը։

— Փողոցի պատերը տեղ-տեղ խիստ ցած են։

Թնդանոթներ արձակողը Բայինդուր իշխանի զորախումբն էր։ Իսկ նրա հակառակ կողմից ժողովրդին երկու կրակների մեջ դնողը Ավթանդիլ գնդապետն էր։

Մի քանի կետերի վրա հայտնվեցան հրդեհի նշաններ։

— Շապե՜նք, — գոչեց խանը։ — Պետք է դեպի այս կողմը դարձնել մեր զինվորներին։ Շուտով անհավատները ամբողջ բերդը կոչնչացնեն։

Հրդեհի նշաններն այժմ ավելի պարզ կերպով էին երևում։ Զարհուրած բնակիչները չգիտեին ուր փախչել։

Խանը և իր թիկնապահները ընտրեցին դատարկ, մթին փողոցներից մեկը, և սկսեցին առաջ վազել, որ զորքը օգնության կանչեն։ Զորքը այդ ժամանակ, բերդի մի այլ կողմում, նույնպես թշնամու հետ գործ ուներ։

Խանի ուշադրությունը գրավեց խավարի միջից մի խոսակցություն․ նա իր քայլերը դանդաղեցրեց։

— Թող անիծվի՛ այսպիսի խանը, — ասում էր ձայներից մեկը։ — Եթե չէր կարող թշնամուն դեմ դնել, էլ ինչո՞ւ մեզ ձգեց այդ կրակի մեջ․․․

Կարծես, մի սուր ցցեցին խանի սրտում։

— Մայրի՜կ, — գոչեց մի երեխայական ձայն․ — ինձ գրկիր, ես հոգնեցա․․․

— Ինչպե՞ս գրկեմ, զավակս, — պատասխանեց մայրը․ — քո փոքրիկ քույրը գրկումս է։

— Ինձ շալակիր, մայրիկ, ես է՜լ չեմ կարող գալ։

— Ինչպե՞ս շալակեմ, զավակս, քո փոքրիկ եղբայրը ուսիս է։

— Մայրիկ, ես այստեղ կնստեմ։

— Այստեղ լավ չէ, զավակս, մի քիչ էլ առաջ գնանք, հետո կհանգստանանք։

— Ինչո՞ւ այստեղ լավ չէ, մայրիկ։

— Այնպես, զավակս, լավ չէ․․․

— Նրանք կգան։