Այս էջը սրբագրված չէ

— Եվ դուք, ազատվելով բանտից, երևի, մի առիթ էիք որոնում վրեժխնդիր լինելու ձեզ բանտարկողից, — հարցրեց նա։

— Ոչ, ես վրեժխնդիր չեմ լինում այն անձից, որ արդեն դժբախտության մեջ է գտնվում, — պատասխանեց ծերունի վեզիրը կարեկցական եղանակով։ — Ընդհակառակն, ես շտապեցի ձեզ օգնելու։ Երկար որոնում էի ձեզ։ Երբ թշնամու գունդը անցավ, ջահերի լուսավորության առջև ճանաչեցի ձեզ և մոտեցա։

Վեզիրի ցավակցական պատասխանը ավելի վիրավորեց խանին․ նա իր սովորական հպարտությամբ ասաց․

— Շնորհակալ եմ, ափսո՛ս, որ ձեր օգնությանը այլևս կարոտություն չունեմ։ Դուք միայն ինձ այն ասացեք, կռիվներից ի՞նչ տեղեկություն ունիք։

— Ես անցա համարյա բոլոր կետերի վրա, ուր որ կռվում էին մեր զորքերը։ Զորքերը, պետք է խոստովանած, քաջությամբ էին պաշտպանվում։ Եթե նրանց առաջնորդները այնպիսի վատ, երկչոտ և տգետ մարդիկ չլինեին, — եթե նրանք չթողնեին իրանց գունդերը և չփախչեին, գուցե ձեր զինվորները թույլ չէին տա, որ թշնամին ամեն կողմից մտներ բերդը։

— Լավ, բոլորը հասկացա․․․ — ասաց խանը զայրացած ձայնով․ — խնդրում եմ, որ հիմա ինձ մենակ թողնեք։

— Ես ձեզ երկար չեմ ձանձրացնի, որովհետև ինքս էլ շտապում եմ․․․

— Ո՞ւր պիտի գնաք։

— Բեկի մոտը։

— Բեկի մո՞տ, — հարցրեց խանը կասկածանքով։ — Ի՞նչ գործ ունիք այն ավազակի մոտ։

— Գնում եմ, որ ընկնեմ նրա ոտքերի առջև, համբուրեմ, աղաչեմ, պաղատեմ, որ խնայե մնացածներին և կոտորել չտա։

Գոռոզ իշխանը, որ իրան երբեք թույլ չէր տա որևիցե խնդիրքով դիմել երկրի թագավորներին անգամ, բռնեց պաշտոնազուրկ վեզիրի ձեռքից, և աղաչելով ասաց․

— Լսեցեք, վեզիր, ես ձեզ կոչում եմ ձեր առաջվա պաշտոնի անունով, — եթե մնացել է ձեր մեջ հարգանքի որևիցե նշույլ դեպի ձեր նախկին տերը, ընդունեցեք նրա տված խորհուրդը, և մի գնացաք այն ավազակի մոտ։

— Ես հիմա էլ հարգում եմ ձեզ, — ինչպես միշտ, — պատասխանեց վեզիրը սառն կերպով։ — Բայց բյուրավոր մուսուլմանների