Այս էջը սրբագրված չէ

ստրուկ դարձանք։ Մենք կարծում էինք, թե սիրելով մեր թշնամիներին, բարություն անելով մեր ատելիներին, այսպիսով կփափկացնենք նրանց բարք ու վարքի կոշտությունը, կմեղմացնոնք նրանց վայրենությունը և փոխադարձապես սեր կվայելենք նրանց կողմից։ Բայց կյանքի փորձի մեջ ընդհակառակն եղավ։ — Մենք հավատարիմ մնացինք մեր փրկչի հրամանին․ ով որ մեր ձախ երեսին ապտակով զարկեց, աջն էլ շուռ տվեցինք․ ով որ մեր շապիկը պահանջեց, մեր պատմուճանն էլ նրան տվեցինք։ Բայց արդյունքն ի՞նչ եղավ։ — Այն, որ մեր հնազանդությունով, մեր զոհաբերություններով ավելի լրբացրինք մեր թշնամուն, ավելի գրգռեցինք նրա կատաղությունն ու ընչաքաղցությունը։ Մեր խոնարհությունը, մեր հեզությունը նկատելով, մեր թշնամին ավելի բռնացավ մեզ վրա և ավելի սաստիկ կերպով սկսեց ճնշել, տրորել մեզ։ Այդ էր պատճառը, որ մենք վերջ ի վերջո խելքի եկանք, սկսեցինք մեր թշնամիների հետ վարվել նույն կերպով, ինչպես նրանք են վարվում։ Եվ այդ վարմունքը դուք ինքներդ սովորեցրիք մեզ։

Վեզիրը ոչինչ չգտավ պատասխանելու։

— Ասացեք, խնդրեմ, — հարցրեց սրբազանը․ — դուք ինչպե՞ս կվարվեիք մեզ հետ, եթե այդ կռվի մեջ հաղթությունը ձեր կողմը լիներ։

— Մենք ձեզ կկոտորեինք։

— Ապա ինչո՞ւ եք դատապարտում մեր մեջ միևնույն վարմունքը, երբ հաղթությունը մեր կողմն է։

— Նրա համար, որ ձեր կրոնը ձեզ հրամայում է ներել, իսկ մեր կրոնը հրամայում է կոտորել։

— Դուք դարձյալ կրոնի վրա եք հիմնում ձեր պատասխանները։

— Որովհետև կրոնավորի հետ եմ խոսում։

— Այո՜, կրոնավորի հետ եք խոսում, — ասաց սրբազանը, — բայց մի մոռացեք, որ այդ կրոնավորը միացրել է իր մեջ թե պատերազմող և թե աղոթող մարդու հատկությունները։

— Այս ես աչքի առաջ ունեմ, — պատասխանեց վեզիրը, պահպանելով իր սառնասրտությունը։ — Բայց մի հարց եմ առաջարկում ձեզ․ ինչպե՞ս կվարվեր աստված հանցավոր Սողոմի և Գոմորի հետ, եթե գտնելու լիներ նրանց մեջ գոնե մի քանի արդար մարդիկ։