Այս էջը սրբագրված չէ
ԻԸ

Արծվանիկ կամ Նախիջևանիկ[1] կոչված ավանը մի ժամանակ Բարգյուշատի[2] վիճակի գյուղաքաղաքն էր։ Այդ ավանը գոյություն ունի մինչև այսօր, գտնվում է մի լեռնային բարձրավանդակի արևմտյան կողմից առապարի վրա։ Այստեղից երևում են Բարգյուշատի անտառապատ լեռնադաշտերը, որոնք սքանչելի տեսարաններով տարածվում են մինչև Երասխի հովիտը։ Այստեղից երևում են հեռավոր Ղարադաղի բարձրագագաթ սարերը, որոնք տարածվում են Երասխի աջ ափերի վրա։

Արծվանիկից դեպի ցած, սարի ստորոտից սկսվում է մի գեղեցիկ, բոլորաձև հովիտ, որը կտրատվում է խորին ձորերով։ Այդ ձորերի մթության մեջ, մինը մյուսի մոտ, թաքնված են՝ Չափնիս, Ընկենանց, Սևքար, Շաբադին հայաբնակ գյուղերը։ Հիշյալ գյուղերը 2-3 ժամի ճանապարհով միայն հեռու են Արծվանիկից։

Արծվանիկը այժմ կորցրել է իր հին նշանակությունը, բայց նրա վաղեմի փառքի փշրանքները տակավին պահպանվել են։ Ավանի ստորոտում մինչև այսօր երևում են մի հին ամրոցի ավերակների հետքերը, երևում են խորին այրեր, մթին քարանձավներ, որ գտնվում են այդ ամրոցի մոտ, որոնք առաջ ծառայում էին որպես պատսպարաններ, որպես թաքստի տեղեր։

Արծվանիկից շատ հեռու չէ այդ ավանի գերեզմանատունը, որ ունի առանձին եկեղեցի։ Մի նեղ ճանապարհ տանում է դեպի ննջեցյալների հանգստարանը։ Այդ ճանապարհի մի կողմում, մենավոր կաղնի ծառի հովանիի տակ, կա մի առանձնացած գերեզման, որի վրա ձգած է մի հասարակ քար առանց խաչի և արձանագրության։ Ինչո՞ւ է նա առանձնացել, ինչո՞ւ է նա բացակա հասարակաց գերեզմանատնից, որ հեռու է նրանից մի հարյուր քայլով միայն։

Այդ գերեզմանը, թեև արհամարհված է մարդերից, բայց նրանցից մոռացված չէ։ Հասարակաց գերեզմանատունը տեղ չտվեց նրան իր հասարակության մեջ։ Բայց ամեն անգամ, երբ քահանան անցնելով նրա մոտից, գնում է ննջեցյալների հանգիստը օրհնելու, — ամեն անգամ, երբ տոհմայինները գնում են իրանց

  1. Այդ ավանը կոչվում է նաև Երիցվանիկ, Երիցակի վանքի պատճառով, որ գտնվում է ավանի մոտ, լեռան գագաթի վրա, և ժողովրդի մեջ հայտնի է անունովս Կարմիր վանք։
  2. Բարգյուշատը հին Քաշունիք կոչված գավառն է։