Այս էջը սրբագրված չէ

մնաց․․․ ես չկարողացա ի կատար հանել այն մեծ շինվածքը, որի հիմքը դրել էի․․․»։

Այսպես տարուբերվում էր, օրորվում էր իր մտածությունների մեջ այդ դժբախտ մարդը, բայց մի ելք, սրտի և հոգու հանգստություն գտնել չէր կարողանում։

Սենյակի օդը խեղդվելու չափ ծանր էր․ գուցե այդպես երևում էր նրան։ Բորբոքված սրտի կրակը հարուցել էր նրա մեջ մի տեսակ տենդային ջերմություն, որ ազդում է և ուղեղի վրա։ Նա մոտեցավ պատուհանին, բաց արեց լուսամուտը, նստեց նրա հանդեպ, որ փոքր-ինչ զովանա, որ փոքր-ինչ ազատ շունչ առնե։

Դրսում խաղաղ գիշեր էր։ Նա երկար մի առանձին հաճությամբ նայում էր գիշերային խավարի մեջ։ Այդ խավարը համապատասխանում էր նրա մտքի խավարին։ Որպես մթնոլորտի մթության մեջ նա որոշ ոչինչ չէր տեսնում, այնպես էլ իր մտքի խավարի մեջ ամեն ինչ պարզ չէր, ամեն ինչ պատած էր խորին մռայլով։

Հանկարծ նրա աչքին ընկավ լուսնի նորածին եղջյուրը, որը նշմարվում էր հորիզոնի վրա, և կամաց-կամաց իջնում էր դեպի իր մուտքը։ Տիեզերքի մթության մեջ այդ աղոտ լուսատու կետը գրավեց նրա ուշադրությունը։ Կարծես, նա պիտի պարզեր նրա մտքի մռայլը, կարծես, նրանից էր սպասում իր ճակատագրի վճիռը։

«Թո՜ղ աստված ինքը վճռե․․․» — ասաց նա և գրպանից հանեց իր երկայն տերողորմյան, սկսեց մին-մին դարձնել նրա հատիկները, աչքերը չհեռացնելով լուսնի վրա նայելուց։

Տերողորմյայի վրա կային հիսուն հատիկներ, ամեն անգամ, երբ հիսուն թիվը լրանում էր, նա եղունգով մի խազ էր գծում պատի վրա։ Երկար այդ գործողությունը շարունակում էր նա, անշարժ աչքերը սևեռած պահելով լուսնի վրա։ Պատի վրայի խազերը հետզհետե ավելանում էին։

Լուսինը մայր մտնելու մոտ էր։ Այժմ նրա ձեռքերը սկսեցին դողդողալ, և սիրտը սաստիկ բաբախում էր։ Բայց տերողորմայի հատիկները շարունակում էր դարձնել։

Լուսինը ծածկվեցավ լեռների ետևում, թողնելով հորիզոնի վրա մի աղոտ լուսավորություն։ Նա սոսկալի զգացմունքով գծեց պատի վրա վերջին խազը։ Մի քանի րոպե մնաց շվարած, խուլ անվճռականության մեջ։ Հետո սկսեց հաշվել, գումարել խազերը;

«Մեկ, երկու, երեք․․․ — խազերի ամբողջ թիվը քսան և մեկ է․․․․ ուրեմն գումարը կլինի մի հազար և հիսուն․․․»։