Այս էջը սրբագրված չէ

մոտով․ այն հայ աղջիկները մեզ հետ էին․ նրանք հենց որ տեսան ավերակները, մոտեցան քարերին և սկսեցին համբուրել, իրանց երեսի և կուրծքի վրա այսպիսի նշան անելով (Ֆաթիման խաչակնքեց իր դեմքը)։ Հաֆիզան սկսեց ծիծաղել նրանց վրա։ Աղջիկներից մեկը՝ Հռիփսիմեն, բարկացավ։ Հաֆիզան սկսեց ծեծել նրան։ Ես ասացի՝ ինչո՞ւ ես ծեծում, խեղճ է։ Նա պատասխանեց․ — «Գավուրն ի՞նչ է, որ խեղճ լինի»։ Ես Հռիփսիմեին մի աղլուխ ընծայեցի, որ լաց չլինի։ — Դու խո չե՞ս բարկանա, մայրիկ, այդ քո տված աղլուխն էր։

— Չէ, զավակս, չեմ բարկանա, ես քեզ մի նորը կտամ, — ասաց մայրը, ուրախանալով իր դստեր բարեսրտության վրա։

— Բայց մի բան էլ կա, մայրիկ, վախենում եմ, որ ասեմ․․․

— Ի՞նչ բան, զավակս, ասա՜, ինչո՞ւ ես վախենում։

— Ես Հռիփսիմեին համբուրեցի, մայրիկ, երբ լաց էր լինում, գրկեցի նրան։ Նա շատ սիրուն աղջիկ է։ — Խո մեղք չէ, մայրիկ։ Հաֆիզան ինձ նախատում էր, ասում էր հայի աղջիկը պիղծ է, ասում է մեղք է, երբ մարդ համբուրում է նրանց։ Հաֆիզան նրանց հացը չէ ուտում։

— Մեղք չէ, զավակս, — պատասխանեց մայրը․ — նրանք էլ քեզ նման աստծու ստեղծածներն են։ Աստված թե քեզ և թե նրանց հավասար կերպով սիրում է։

— Բայց ինչո՞ւ են այդպես անում, — հարցրեց հետաքրքիր Ֆաթիման, դարձյալ խաչակնքելով իր դեմքը։

Եթե Ֆաթիման չափահաս աղջիկ լիներ, գուցե մայրը կբացատրեր «այնպես անելու» նշանակությունը, գուցե կսովորեցներ, որ ինքն էլ այնպես անե։ Բայց այդ մասին լռեց նա, միայն խրատեց իր զավակին միշտ բարի լինել և հարգել օտարների կրոնական զգացմունքը, չհետևել չար Հաֆիզայի օրինակին։ Հաֆիզան նույնպես խանի աղջիկներից մեկն էր, միայն ծնված մահմեդական մորից․ նա իր ծնողից ստացել էր և նրա մոլեռանդությունը։

— Հիմա թույլ տուր գնամ, մայրիկ, — ասաց Ֆաթիման կանգնելով․ — հանդեսը սկսվում է։ Ես մենակ կգնամ, Հաֆիզային ինձ հետ չեմ տանի։

Թեև տիկնոջը շատ հաճելի չէր մի այնպիսի խառնափնթոր բազմության մեջ թողնել իր դստերը, բայց չկարողացավ մերժել նրա աղաչանքը, մանավանդ որ ինքը ցանկանում էր մի քանի րոպե առանձնացած մնալ։ Այդ պատճառով թույլ տվեց նրան