այնօրից, երբ Բեկի զորքերը մոտեցան մեր սահմաններին, խանը սկսեց կասկածանքով վերաբերվել դեպի ինձ։ Մեր հարաբերությունները այժմ սաստիկ լարված են, և ես ամեն րոպե սպասում եմ նրա կողմից մի որևիցե վտանգ։ Իմ տունը շրջապատված է լրտեսներով։ Խանը իմ յուրաքանչյուր քայլին հետևում է։
Այսուամենայնիվ, նրա արթնությունը, նրա աչալրջությունը իմ վերաբերությամբ բոլորովին ապարդյուն անցավ։ Ես գաղտնի կերպով իմ որդու և այլ հավատարիմների ձեռքով կարողացա իմ հայ հպատակներից ավելի քան երկու հազար հոգի զենքի տակ կոչել։ Մի հրաման բավական է, որ մի քանի ժամվա մեջ բոլորին կռվի դաշտը դուրս բերե։
Այդ զորքերը ես պատրաստել եմ ձեզ օգնելու համար, Թորոս, որ դրանով գուցե կարողանամ քավել իմ հին մեղքերը, որ գործել եմ ես իմ ազգի և հայրենիքի վերաբերությամբ։
Մեր անձնական, մասնավոր հաշիվները, կարծում եմ, առիթ չի պիտի տան ձեզ զրկել ինձ կատարելու իմ պարտքը։ Մասնավոր հաշիվները մի կողմ են դրվում, երբ երևան է գալիս ընդհանուր ազգային սուրբ գործը։ Թույլ տվեցեք ինձ, Թորոս, մասնակից լինել այդ գործին, մի մերժեք իմ ծառայությունը, որով կամենում եմ ես քավել իմ հանցանքը, որ օրըստօրե ծանրանում է խղճիս վրա։
Խանի զորքը բաղկացած է մոտ տասն հազար հոգուց։ Նա ամրացել է Եղվարդ գյուղի մերձակայքում։ Բայց Բեկի սրի հաջողությունները այն աստիճան սարսափի մեջ են ձգել դրանց, որ տասն այդքան ուժը դարձյալ ոչինչ նշանակություն ունենալ չէ կարող հայրենիքի փրկության գաղափարով ոգևորված սակավաթիվ հայ զինվորների առջև։
Երբ ձեր գունդերը կմոտենան Եղվարդին, ես իմ մարդիկներով կմիանամ ձեզ հետ։ Ես կարող էի փոխանակ այդ նամակի, իմ երկու հազարով դիմել ձեր բանակը, բայց ինձ արգելք եղան երկու պատճառներ․ նախ, որ ձեր հոժարությունը տակավին ստացած չէի, երկրորդ, որ ես մի այդպիսի վարմունքով իմ բոլոր զինվորների ընտանիքները կենթարկեի խանի վրեժխնդրությանը, նախքան նրանց կռվի դաշտը դուրս գալը։ Իսկ պատերազմի ժամանակ այդ վտանգը կարելի է անցած համարել։
Վերջացնելով նամակս, վկա եմ կոչում իմ անկեղծությանը ոչ միայն այն խաչը և Ավետարանը, որ իմ ուխտի և երդման կնիքով կնքած ձեզ մոտ եմ ուղարկում, — այլ մեր հայրենիքի սուրբ հիշատակը,